Ամանորին Հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի, արհեստական

Ամանորին Հրապարակում նոր տոնածառ կտեղադրվի,  արհեստական

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու, աշխատանքները սկսվել են, PanARMENIAN.Net - ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա նշեց, որ տոնածառն արհեստական է լինելու:

«2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», - ասաց Կարապետյանը:

Տոնածառի ձեռքբերման համար՝ ներառյալ տեղափոխումը, մոնտաժման աշխատանքները, մոտ 70 մլն դրամ կծախսվի։ Կարապետյանը նշեց, որ որոշումը միայն էսթետիկ նկատառումներով չէր պայմանավորված․ հինը տեղ-տեղ ժանգոտել էր, ինչը նաև կոնստրուկցիայի անվտանգության հետ կապված հարցեր էր առաջ բերում։ Միաժամանակ, լույսերը ու հրապարակի զարդարման այլ նմուշները չեն փոխվելու․ նոր դեկորի ձեռքբերումը թանկ արժե։

Նախորդ տարիներին Հանրապետության հրապարակում տեղադրվել է միևնույն ձևավորմամբ, բնական ճյուղերով տոնածառը, որը չի արժանացել մայրաքաղաքի բնակիչների միանշանակ համակրանքին:

 Ուշագրավ
---