Շարմազանով. Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելն արդեն դավաճանություն է

Շարմազանով. Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելն արդեն դավաճանություն է

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Այդ մասին նրա գրառում է կատարել և տեսանյութ տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ հասել ենք նրան, որ «կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում»:

«Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն: Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ Փաշինյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու «37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով»:

«Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:Որովհետև մեր երկրում շատ են արժանապատիվ և մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»,-ասվում է Շարմազանովի գրառման մեջ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ ուժեր կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Հայաստանի կառավարությունը ներգրավված է Արցախի դեմ ինչ-որ դավադրության մեջ: «Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում: Ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: Մենք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց, երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Նաև հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---