Արաբկիրի նախկին թաղապետն ու «ՍԱՍ»-ի տնօրենը` «Զիբիլիքսի» գործով մեղավոր. 2.5 մլն դրամով կտուգանվեն

Արաբկիրի նախկին թաղապետն ու «ՍԱՍ»-ի տնօրենը` «Զիբիլիքսի» գործով մեղավոր. 2.5 մլն դրամով կտուգանվեն

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Զիբիլիքսի» գործով մեղադրվող Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանին և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2 մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) և դատապարտել տուգանքի՝ 2.5 մլն դրամ գումարի չափով:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Հրայր Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում Ստեփան Սահակյանի հետ, նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավագանու հերթական ընտրություններին ավագանու անդամի թեկնածու առաջադրված իր ընկեր և կուսակից` Հրայր Անտոնյանի հետ նախնական համաձայնությամբ իրենց համախոհների օժանդակությամբ ընտրողներին տվել են կաշառք` Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, հանրությանը «Զիբիլիքս» անվամբ հայտնի քրեական գործով 11 անձի մեղադրանք էր առաջադրել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, ով միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը:

Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին: Նրանք համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10,000-ական դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար:

Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48.4 մլն դրամին համարժեք $100,000 գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15 մլն դրամ գումարը:

Հրայր Անտոնյանի և Ստեփան Սահակյանի ներդրված գումարը որոշակի խմբաքանակներով (1.3 մլն դրամից մինչև 8.2 մլն դրամ) նախընտրական փուլում՝ 2017 թվականի մայիսի սկզբից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, բաշխել են պայմանականորեն որպես ենթաշտաբերի և ընտրատեղամասերի պատասխանատուներ նշանակված, Արաբկիր վարչական շրջանի առանձին տեղամասերում ընտրողների վստահությունը վայելող իրենց համախոհներին՝ նրանց օժանդակությամբ կաշառքի գումարներն ընտրողներին հասցեական տալու և իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---