Վարչապետ. Պապ թագավորի ժառանգներն ենք, ուղղելու ենք մեր ձեռքից խլված պատմությունը (վիդեո)

Վարչապետ. Պապ թագավորի ժառանգներն ենք, ուղղելու ենք մեր ձեռքից խլված պատմությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ այսքան հայկական և հայ մնալով կարողացել եք լինել Իրանի Իսլամական Հանրապետության լիարժեք քաղաքացիներ, ովքեր անմնացորդ ծառայել են բարեկամ այս պետության հզորացմանը և բարգավաճմանը: Շնորհակալություն ձեզ ԻԻՀ լիարժեք, արժանապատիվ և հպարտ քաղաքացի լինելու, հայ-իրանական բարեկամությունը աղյուս առ աղյուս, կաթիլ առ կաթիլ կառուցելու համար: Այն, որ մեր և առհասարակ հայկական պատվիրակությունների պաշտոնական այցերն անցնում են բարձր մակարդակով` մեր բարեկամական հարաբերությունների ուղղությամբ ձեր անուրանալի ծառայության արդյունքն է», - ասել է վարչապետը:

Նա ասել է, որ որ հայության խնդիրն է այնպես անել, որ որպես ժողովուրդ կարողանանք հաղթահարել այն պատմական ցիկլը, որը մեզ ուղեկցում է Արշակունիների ժամանակներից:

«Ո՞րն է այն. դա պետականության կորստի անընդհատ շրջապտույտն է, երբ մենք, ըստ էության, Արշակունիների դինաստիայի անկումով երկար ժամանակով ընդհատեցինք պետականություն ունենալու մեր պատմությունը: Երբ մտածում եմ մեր հավաքական պատմական առաքելության մասին` առաջին միտքս այն է, որ միասին հաղթահարենք այն ցիկլը, երբ կորցնում ենք պետականությունը, երազում դրա մասին, վերականգնում այն, նորից կորցնում: Պատմական այս համայնքում խոսելով մեր պատմական առաքելության մասին` պետք է ընդգծել, որ այն մեկն է` սրբագրել մեր իսկ պատմությունը և դրա տրամաբանությունը: Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչը նոր բուռն ծափերի ներքո հայտարարում էր, որ իրենց երազանքը Հայաստան վերադառնալն է ու այդպիսով նա ևս խոսում է մեր պատմությունը սրբագրելու մասին: Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր նախնիներին պաշտպանելու համար: Վերրջերս հաճախ հիշատակում եմ Պապ թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին, երբ ունեինք իսկապես հնարավորւթյուն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի կարգավիճակը: Այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ գնաց, որովհետև այն ժամանակ այնքան էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն», - ասել է վարչապետը:

Նա նշել է, որ մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզոր պետություն:

«Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ: Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ: Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք և մենք ուղղելու են այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք գոյություն ունենան և հզորանան հավիտյան:

«Սա այլևս ժամանակավոր պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով, քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի տեր ժողովուրդ է», - եզրափակել է նա:

Ավելի վաղ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան ավարտվել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---