Փորձագետ. Հայաստանի կառավարության եւ հանրության արձագանքը Ջավախքում ծավալվող իրադարձություններին զարմացնում է

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել Ջավախքում ազգային ուժերի վերջնական ջախջախման ծրագրի իրականացմանը: Վրաստանի իրավապահ մարմինների սադրիչ գործողությունները «Միասնական Ջավախք» ալյանսի ակտիվիստների հանդեպ դրա վառ վկայությունն են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, վերջին մի քանի տարիներին վրացական կառավարությունը, պաշտոնական Երեւանի լռելյայն համաձայնությամբ, վարում է Ջավախքից հայերին դուրս մղելու քաղաքականություն: «Արդյունքում տարածաշրջանի հայ բնակչությունը վերջին տասը տարներին կրճատվել է գրեթե երկու անգամ: Եվ դա այն դեպքում, երբ թուրքական տարրը ակտիվորեն ավելացնում է իր ազդեցությունը Վրաստանի բոլոր հարավային շրջաններում»« ասել է նա:



Ըստ Մելիք-Շահնազարյանի, Վրաստանի իշխանությունները հմտորեն ներկայացրեցին հայերի հանդեպ գործադրվող ազգային-քաղաքական ճնշումը որպես պայքար քրեական տարրի դեմ, սակայն ակնհայտ է, որ իրավիճակի սրումը Ջավախքում առաջին հերթին կապված է Թբիսլիսիի ծրագրերի հետ` վտարել հայերին իրենց հայրենիքից: «Ուստի Գուրգեն Շիրինյանի գործողությունները, որը փորձել է պաշտպանել իր տունը վրաց իրավապահների սադրանքներից, կարելի է հերոսական անվանել: Իր օրինակով Գուրգեն Շիրինյանը ապացուցեց, որ Ջավախքի հայ երիտասարդությունը վճռական է այդ երկրամասում հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցում»,-ասել է հայ փորձագետը: Նա նաեւ նշել է, որ զարմանալին ոչ թե այն է, որ վրացական կողմը հակահայ քաղաքական կուրս է որդեգրել, այլ Հայաստանի կառավարության եւ հանրության արաձագքնը Ջավախքում ծավալվող իրադարձություններին: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարությունը միանգամայն անտարբեր է հարեւն հանրապետությունում բնակվող իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ: Իսկ բազում քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները մշտապես ներկայանում են որպես ջավախահայության պաշտպաններ եւ հովանավորներ, նույնիսկ չեն էլ փորձում ինչ-որ կերպ օգնել ջավախքցիներին այս ծանր օրերին: Ուստի զարմանալի չէ, որ վրաց կառավարությունն իրեն այդքան ազատ է զգում եւ ոչնչացնում է հայկական ուժերը տարածաշրջանում»,-ասել է նա: Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Ջավախքի հայերը այսօր ինչպես երբեք զգում են ՀՀ եւ հայ ժողովրդի աջակցության կարիքը: «Անհրաժեշտ է, որ մենք օգնության ձեռք մեկնենք մեր հայրենակիցներին: Վրաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը միասնական է ազգային շահերի պաշտպանության հարցում եւ վրաց իշխանությունների հակահայ կուրսի շարունակումը կարող է հանգեցնել լուրջ ռազմաքաղաքական ձեւափոխումների հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասել է հայ փորձագետը:



Հուլիսի 17-ին Ախալքալաք շրջկենտրոնի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանի տան մոտ պայթյուններ հնչեցին: Նույն օրն երեկոյան Վրաստանի ուժային կառույցները սկսել են հետապնդել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական ալյանսի անդամներին: Վրաստանի ոստիկանության թվով 50 զինված աշխատակիցներ ներխուժել են Ժողովրդավարական ալյանսի ակտիվիստ, «Ջավախքի սկաուտների շարժման» ղեկավար Գուրգեն Շիրինյանի հայրական տուն եւ խուզարկություն են անցկացրել: Խուզարկության ընթացքում, որը կատարվել է առանց դատախազի թույլտվության, ինչպես դա պահանջում է օրենսդրությունը, տարօրինակ հանգամանքներում սպանվել է ոստիկանության աշխատակիցներից մեկը` ազգությամբ հայ, Բարալեթ գյուղի բնակիչ 23-ամյա Արթուր Բերուջանյանը: Կատարվածի մեղքը բարդվեց Գ.Շիրինյանի վրա, որի գտնվելու վայրը այժմ հայտնի չէ: Հուլիսի 20-ին սպանվել է եւս մեկ ոստիկան, եւս ազգությամբ հայ` Արմեն Գաբրիելյանը: Հուլիսի լույս 21-ի գիշերը վրաց հատուկջոկատայինները եւ տեղի միլիցիայի ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալել են նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, մորն ու հորը: Վ.Չախալյանին եւ նրա մերձավորներին ձերբակալությունից անմիջապես հետո տեղափոխել են Ախալցիխե, իսկ այնուհետեւ` Թբիլիսի, երկարացնելով ձերբակալման ժամկետը երկու ամսով: Ձերբակալված է նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամ Արամ Բատթյանը: Ուրբաթ օրը Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության նախարարությունը հետեւում է Ջավախքում ստեղծված իրավիճակին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---