Արիֆ Յունուսով. Ղարաբաղի հարցով բանակցությունները կտեւեն անարդյունք երկար տարիներ, իսկ պատերազմել ոչ ոք թույլ չի տա

PanARMENIAN.Net - Ղարաբաղի հարցով բանակցությունները կտեւեն անարդյունք երկար տարիներ, իսկ պատերազմել ոչ ոք թույլ չի տա: Այդ մասին հայտարարել է կոնֆլիկտոլոգ, Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների հետազոտության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: «Խնդիրը կայանում է նրանում, որ երկու կողմերն էլ ժամանակ են ձգում, ելնելով սեփական շահերից, սակայն ներկա իրադրությունում ժամանակը խաղում է հայերի օգտին, քանի որ Պրահայի գործընթացի շրջանականերում ընթացող բանակցությունները ձեռնտու են հայերին»,- նշել է Արիֆ Յունուսովը:



Նրա խոսքերով, այդ գործընթացի շրջանակներում «հայկական կողմը վերադարձնում է սկզբում երեք շրջանները, ապա` երկուսը, իսկ Քելբաջարն ու Լաչինը ամենավերջում եւ դրան զուգահեռ գաղթականները վերադառնում են Ղարաբաղ»: «Դրա փոխարեն, Ադրբեջանը կհամաձայնվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշել հանրաքվեի միջոցով 10-15 տարի անց»,- նշել է Յունուսովը:



«Դեռեւս 2004 թվականին համաձայնվելով բանակցություններ տանել այդ սկզբունքներով, մեր կողմը դրանով սխալ է թույլ տվել, գտնելով, որ 10-15 տարի անց հանրաքվե անցկացնելու պահին, շատ բան փոխված կլինի, Ադրբեջան կհոսեն նավթադոլարները, իսկ հայերը կարող են փոխել իրենց դիրքորոշումը»,- նշել է Արիֆ Յունուսովը, սակայն միեւնույն ժամանակ, հավելել է, որ «այդ ամենը պատրանքներ են, քանի որ հայերը, ավելի շուտ, կօգտվեն ադրբեջանական նավթից, սակայն Ղարաբաղը չեն վերադարձնի»: Արիֆ Յունուսովի կարծիքով, չափազանց մեծ տարբերությունը դիրքորոշումների միջեւ, խանգարում է բանակցային գործընթացին:



«Հայերի դիրքորոշումը կայանում է նրանում, որ կանցնի մի 10-15 տարի, Արեւմուտքը կվերադարձնի ադրբեջանական նավթարդյունաբերությունում ներդրված գումարները, եւ նման պայմաններում նա արդեն հոգնած կլինի Ղարաբաղի խնդրից, եւ կկիրառվի Կոսովոյի սկզբունքը: Արդյունքում, Ադրբեջանը եւս ձանձրացած կլինի, եւ Արեւմուտքի ճնշման արդյունքում նա կհրաժարվի Ղարաբաղից»,- նկատել է նա: Իսկ ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ըստ կոնֆլիկտոլոգի, կայանում է նրանում, որ նավթադոլարների հաշվին Ադրբեջանը կներքաշի Հայաստանին սպառազինության մրցավազքի մեջ, ինչին հայկական թույլ տնտեսությունը չի դիմանա:



«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ բանակցությունները անարդյունք տեւելու են երկար տարիներ: Մեր իշխանությունները չեն կնքի պայմանագիր Պրահայի գործընթացի շրջանակներում: Ոչ ոք թույլ չի տա պատերազմել, քանի որ Արեւմուտքը մեծ միջոցներ է ներդնում Ադրբեջանում նավթարդյունաբերության մեջ»,- նկատել է Արիֆ Յունուսովը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---