2019-ի «Ավրորայի» հերոսները հայտնի են

2019-ի «Ավրորայի» հերոսները հայտնի են

PanARMENIAN.Net - «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» 3 բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար:

2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակովդափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

2019թ. «Ավրորայի» հերոսներն են.

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջԻրաք») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել և հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Միրզա Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք կրթության հնարավորություն են տալիս անապահով աշակերտներին և օգնություն տրամադրում աղետներից տուժածներին: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) և «Շայ» հիմնադրամը (ShaiFund):

Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըրփրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (FutureProwessIslamicFoundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում և վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առևանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության և Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց ևս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք և բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըրփրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) և «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):

Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել և բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց և տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին և դրանք փոխանցել AmnestyInternational և Human RightsWatch կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ և խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. Reprieve կազմակերպությունը, Equal Rights Trust կազմակերպությունը և «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundationfor Civil Orientation):

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է փաստաբան ևռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը 12 տարի անցկացրել էր անազատության մեջ՝ մեղադրվելով կազմակերպված խտրականության և բռնության դեմ բողոքի խաղաղ ցույցերի անցկացման համար: Այդուհանդերձ, նա չի նահանջել և իրավական գիտելիքն ու փորձը կիրառում է՝ պայքարելու իր համայնքում հավասարության, կրթության բարելավման և մարդու իրավունքների պաշտպանության համար: Չո Լա Աունը որոշել է աջակցել Մյանմայի փախստականներին բժշկական օգնություն և աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների:

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը Հայաստան կբերի աշխարհի սոցիալական, գիտական, կրթական և մարդասիրական լավագույն փորձը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---