Վոլկան Վուրալ. Թուրքիան անտարբեր չէ հայերի ցավի հանդեպ

PanARMENIAN.Net - «Պատմական անցյալը պետք է դառնա բանակցությունների առարկա, սակայն չպետք է խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-հայտարարել է 1991-93թթ. Հայաստանում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը: Նրա խոսքերով, Թուրքիան եւս տառապալից հիշողություններ ունի, կապված Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների հետ: «Հայերը համարում են, որ իրենց բռնագաղթի են ենթարկել, զրկել են հայրենիքից: Նրանց մոտ զհոի հոգեբանություն է ձեւավորվել, որը նրանք չեն կարող տանել: Սակայն Թուրքիան կարող է ասել, որ այո, անցյալում եղել են ողբերգական էջեր, սակայն մենք չենք կարող ապրել միայն անցյալով, քանի որ առջեւում` ապագան է: Եկեք այդ ապագան ստեղծենք բարեկամության մթնոլորտում»,-ընդգծել է Վուրալը, գրում է թուրքական Taraf թերթը:



Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ թուրքական կառավարության առաջարկին, ապա առաջին հայացքից այդ հանձնաժողովը օգուտ կբերեր: Սակայն, հարցը նրանում չէ, թե ինչպես են այս հարցերը լուսաբանվում պատմական տեսակետից: «Հայերը պնդելու են, որ դա ցեղասպանություն էր: Մենք, մեր հերթին կպնդենք, որ ցեղասպանություն չի եղել: Այսօր բոլորը գիտեն պատմությունը: Հրավիրել պատմաբանների այս հարցի վերաբերյալ սեփական տեսակետը հնչեցնելու համար, կնշանակի հարցի ծանրությունը դնել նրանց վրա, որովհետեւ պատմաբաններից յուրաքանչյուրն իր տեսակետն ունի»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ Վ.Վուրալը նշել է, որ «նյութական փոխհատուցման հարցը չափազանց բարդ է: Փոխարենը կարելի է մի հիմնադրամ ստեղծել, որը խորհրդանշական գումարներ կվճարեր»,-նշել է թուրք դիվանագետը: Ըստ Վուրալի, գլխավորն այն է, որ հարկավոր է ցույց տալ, որ Թուրքիան անտարբեր չէ հայերի ցավի հանդեպ եւ հասկանում է նրանց տառապանքները: Նա նաեւ ընդգծել է, որ եթե հարցն իրեն է վերաբերում, ապա ինքը պատրաստ է ներողություն խնդրել, եւ ոչ միայն հայերից:



Վոլկան Վուրալը Թուրքիայի առաջին եւ միակ դեսպանն էր անկախ Հայաստանում` նստավայրը` Մոսկվա: Այն դեպքում երբ Երեւանն Անկարայում ներկայացված չէր նույնիսկ ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: Ներկայումս միակ հայ դիվանագետը Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանն է, որի նստավայրը Ստամբուլում է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---