Տոսկանայի հայերեն ձեռագրերը կներկայացվեն Մատենադարանում

Տոսկանայի հայերեն ձեռագրերը կներկայացվեն Մատենադարանում

PanARMENIAN.Net - Մատենադարանում հունիսից 9-ին կբացվի «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսը։

Իտալիայի արվեստների քաղաք Ֆլորենցիայում Մեդիչիների Լավրենտյան գրադարանն ունի 14 հայերեն ձեռագիր: Այդ ձեռագրերը վկայում են Իտալիայում և հատկապես Տոսկանայում (որտեղ հայերը հաստատվել էին դեռևս միջնադարում) հայերի ներկայության և հայ մշակույթի կարևորության մասին:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Իտալիայի ու Հայաստանի Հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո բացառիկ հնարավորություն է ընձեռնվել այցելուներին ներկայացնելու այդ նշանակալի հավաքածուից երեք ձեռագիր: Այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու հայ-իտալական մշակութային առնչությունները և բարեկամական դարավոր կապերը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են հետևյալ ձեռագրերը.

• Ձեռ. 790 (Սուրբ Մարկոսի հավաքածու) Սաղմոսարան և Ժամագիրք, 1369 թ., Բուդապեշտ, գրիչ՝ Թովմա, ծաղկող՝ Ֆրանչեսկո դի Կաֆֆա, պատվիրատու՝ Սարգիս

• Ձեռ. 1.13 (Պլուտեուսի հավաքածու) Պատարագամատույց, 1353 թ. Պիզա, գրիչ՝ Գրիգոր արքեպիսկոպոս

• Ձեռ. 1089 (Աշբուրնհամի հավաքածու) Քահանաօրհնէք, 1232 թ., Կիլիկիա, գրիչ՝ Գևորգ, պատվիրատու՝ Հովհաննես Արքեպիսկոպոս

Տարիներ շարունակ Մատենադարանի հավաքածուից ձեռագրեր են տարվել աշխարհի տարբեր կենտրոններ՝ ներկայացնելու մեր ձեռագրական ժառանգությունը: Այս ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձեր: Դրանք յոթ ամիս կցուցադրվեն Մատենադարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---