Հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենան Երեւանի 2790-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենան Երեւանի 2790-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ: Այդ մասին այսօր հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը: Նրա խոսքերով, միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, փակումը` «Հրազդան» մարզադաշտում: Միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կանցկացվի Երեւանին նվիրված երգերի մրցույթ եւ համերգ Հանրապետության հրապարակում: Վանո Վարդանյանը հաղորդել է նաեւ, որ հանդիսություններին մասնակցելու համար Երեւան կժամանեն քույր քաղաքների ներկայացուցիչներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից ու Լատվիայից:



Երեւանը 12-րդ հայկական մայրաքաղաքն է, որը 2008թ. նշելու է իր հիմնադրման 2790-ամյակը: Էրեբունին (Երեւան) հիմնադրվեց մեր թվարկությունից առաջ 782թ. Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւելքում Արգիշտի Առաջինի կողմից: Սեպագիր քարը, որի վրա փորագրված է Երեւանի հիմնադրման տարեթիվը, գտնվում է Էրեբունի ամրոցի թանգարանում: Երեւանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք հռչակվեց 1918թ. մայիսի 28-ին:



Էրեբունի-Երեւան տոնակատարությունն առաջին անգամ արվեց 1968թ., երբ լրացավ քաղաքի 2750-ամյակը: Մինչ 1988թ. այս տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո ավանդույթը վերականգնվեց 1998 թ.:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---