Ալեքսանդրոս Պետերսեն. Թուրքիան շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շոկի մեջ էր Վրաստանում Ռուսաստանի գործողություններից եւ արագ որոշեց իր նավթն ու գազը այլ ուղիներով տեղափոխել: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի աշխատակից Ալեքսանդրոս Պետերսենը: Նրա կարծիքով, որոշվել է զարգացնել արեւելաարեւմտյան նավթամուղը: «Խողովակաշարերից մի քանիսը կանցնեն Նովոռոսիյսկով, մի մասը Իրանով: Ժամանակին հենց Հեյդար Ալիեւը համոզեց Թուրքիային, Վրաստանին, ԱՄՆ-ին զարգացնել այս նավթամուղը: Ադրբեջանի առաջին արձագանքը նոր ուղիների որոնումն էր: Ադրբեջանում այժմ դժվար շրջան է, կապված մոտալուտ ընտրությունների հետ: Ադրբեջանում հիասթափված են Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի գործընթացով, որը արդյունք չտվեց: Ներքին քաղաքականության մեջ ղեկավարության վրա լուրջ ճնշում է գործադրվում Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծված լինելու պատճառով: Ռուսական ներխուժումը Վրաստան հաստատեց տարածաշրջանի անկանխատեսելիությունը: Քաղաքականությունն Ադրբեջանում ավելի անկանխատեսելի դարձավ»,-ասել է ամերիկացի փորձագետը:



Նա նաեւ նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են վարել դեպի Արեւմուտք կողմնորոշված քաղաքականություն: «Nabucco գազատարը շատ կարեւոր է այդ առումով: Հայերը շատ լուռ էին հետեւում իրադարձություններին: Հայկական տնտեսության մեծ մասը ղեկավարվում է ռուսական շահերով եւ կողմնորոշված է դեպի Ռուսաստան: Մյուս մասը գտնվում է հայկական սփյուռքի վերահսկողության տակ, ինչը չափազանց լուրջ վիճակի մեջ է դնում Հայաստանին, երբ պարզվում է, որ նրանց լավագույն բարեկամներն են Ռուսաստանն ու Իրանը: Այսինքն այն երկրները, որոնցից Արեւմուտքը ջանում է խուսափել: Լեռնային Ղարաբաղը այն հարցն է, որտեղ հայերը ցանկանում են պահպանել ստատուս-կվոն, իսկ ադրբեջանցիները փորձում են որքան հնարավոր է շատ փոփոխություն մտցնել: Ադրբեջանցիները գտնում են, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի եւ սեղանից չեն վերցնում ռազմական լուծման հնարավարությունը», գտնում է ամերիկացի փորձագետը:



Միեւնույն ժամանակ նա ասել է, որ Թուրքիայի նշանակությունը տարածաշրջանում չի կարելի գերագնահատել: «Գյուլի այցը Երեւան հսկայական խորհրդանշական քայլ էր: Առաջին քայլը Երեւանի եւ Անկարայի միջեւ լիարժեք դիվանագիտական հարաբերչությունների հնարավոր հաստատման ուղղությամբ: Թուրքիան շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությանը: ՄԱԿ-ի ԳՎ մոտակա նստաշրջանում Թուրքիան հանդես կգա Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդության նախաձեռնությամբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Սա աննախադեպ առաջարկ է, քանի որ մինչ այժմ Թուրքիան Ադրբեջանի կողմն էր: Ըստ իս, սա մեծ քայլ է առաջ: Սակայն ժամանակ չի կարելի կորցնել»,-գտնում է Պետերսենը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---