Անդրեյ Արեշեւ. Ամերիկանամետ Վրաստանը կովկասյան հաղորդակցական նախագծերի «թույլ օղակն» է

Անդրեյ Արեշեւ. Ամերիկանամետ Վրաստանը կովկասյան հաղորդակցական նախագծերի «թույլ օղակն» է PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի ծավալած պատերազմի արդյունքում Վրաստանը մեկը մյուսի հետեւից կորցնում է ինֆրակառույցային նախագծերը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Մարտավարական մշակույթի ֆոնդ» ռուսական վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նա նշել է, որ ավելի վաղ Ղազախստանը հրաժարվել է Վրաստանում մի շարք օբյեկտների կառուցման ծրագրերից, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ: Ամերիկանամետ Վրաստանը ակնհայտորեն հանդիսանում է կովկասյան հաղորդակցական նախագծերի «թույլ օղակը», եւ այն, որ նրան կարող է փոխարինել Հայաստանը (որը, չնայած բոլոր խոսակցություններին, շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում), շատ բնական է:



«Չնայած Սահակաշվիլիի բարձրագոչ հայտարարություններին, որոնցով ուղեկցվում էր Կարս Ախալքալաք-Բաքու երկաթուղային ճանապարհի կառուցման նախագծի աշխատանքների պաշտոնական սկիզբը, այն անգամ իրագործվելու դեպքում զգալի նշանակություն չի ունենա: Նախ, որովհետեւ ծովային փոխադրումները միշտ էլ երկաթուղայինից էժան են: Երկրորդը, Չինաստանից եւ Հարավ-Արեւելյան Ասիայից Եվրոպա տանող «ցամաքային միջանցքն» արդեն կա. դա Տրանսսիբն է: Վերջապես, կա Գյումրի-Կարս երկաթուղային ճյուղը, Փոթի եւ Բաթումիի նավահանգիստները, որոնցով արդեն հիմա անցնում է Թուրքիայի, եւ ապա Եվրոպայի հետ Անդրկովկասի առեւտրային շրջանառության մեծ մասը: Եւս մեկ ենթադրական մայրուղին այդ նավահանգիստներն առանց զգալի ծանրաբեռնման կթողնի (այստեղ տեղին է համեմատությունը Բաքու-Թբլիսի-Ջեյհան նավթամուղի հետ, որի հանձնումը շահագործման հանգեցրեց հումքի փնտրտուքների, որն ընդունակ կլիներ այդ նախագիծը շահութաբեր դարձնել): Վերջապես, ներկայիս վրացական կառավարությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի քայքայի երկրի` առանց այն էլ համեստ տնտեսական հնարավորությունները: Այդպես, վերջերս Ղազախստանը, որը վերջին տարիներին դարձել է Վրաստանի տնտեսության ամենախոշոր ներդնողներից մեկը, հայտարարել է, որ հրաժարվում է Փոթիում հացահատիկային պահեստարանի կառուցումից: Մինչ այդ «Կազմունայգազ» ազգային ընկերությունը, որին պատկանում են Թբիլիսիի գազային ցանցերը, որոշել է ձեռնպահ մնալ Բաթումիում նավթամշակման գործարանի կառուցումից: Եթե սկսվի Վրաստանի արագացված ռազմականացումը, նա կկորցնի այն, ինչ դեռ ունի, եւ տարածաշրջանում Հայաստանի դերն այդ իրադրության մեջ օբյեկտիվորեն կմեծանա»,- նշել է Անդրեյ Արեշեւը:



«Այնպես որ, հնարավոր է, որ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագծի արդյունավետության հարցում թուրքական կողմի կասկածների մասին ասեկոսեները վկայում են ինչպես արդեն իրագործվող, այնպես էլ հեռանկարային հաղորդակցական նախագծերը նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ համատեղելու ձգտման մասին: Հնարավոր է` ապագայում խոսքը գնա քաղաքականապես նպատակաուղղված եւ տնտեսապես չհիմնավորված նախագծերի փակման մասին: Բայց եթե դա տեղի ունենա, ապա կիրագործվի Բաքվի եւ Թբիլիսիի համար առավելապես մեղմ եւ անցավ ճանապարհով»,- ամփոփել է ռուս փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---