Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, հայտնում է հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին, գրում է Արմենպրեսը։

Ուղարկված նամակում կոչ է արվում 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։ Նամակով ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը: Բացի այդ, կոչ է արվում 20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար։ Նաև կոչ է արվում 10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար և ևս 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։

«Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ և Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։ Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը և նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև կետ է մնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։

Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:

«Անվտանգության ոլորտում Հայաստանին լրացուցիչ օգնությունը օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման տեսքով հատկապես կարևոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային օգնություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ի դեմս ադրբեջանական մշտական ծավալապաշտության և տարածաշրջանում այլ ավտորիտար ռեժիմների կողմից հնարավոր սպառնալիքների: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք մեր ջանքերն՝ ապահովելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կայունանան»,- նշել են նրանք:

Բացի այս, Կոնգրեսի անդամները հերթական անգամ կոչ են արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը՝ հայտարարելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր ցեղասպանական գործողություններով կրկին ու կրկին ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու ազնիվ միջնորդ չէ, և Միացյալ Նահանգները չպետք է անվտանգության ոլորտում որևէ օգնություն հատկացնի նրա ռեժիմին:

ԱՄՆ օրենսդիրները քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությանն ու միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության չենթարկելու համար։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---