35 մարզիկ մինչև 2023-ն ազատվել է զորակոչից

35 մարզիկ մինչև 2023-ն ազատվել է զորակոչից

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում է տրամադրվել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող թվով 35 մարզիկի:

Նրանցից 8-ը ծանրամարտիկ է, 12-ը՝ ըմբշամարտիկ, 5-ը՝ բռնցքամարտիկ, 5-ը՝ սամբիստ, 2-ը՝ թաեքվոնդիստ, մեկական կարատեի, շախմատի, ուշուի մարզիկ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը: Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է:

«Հայաստանն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը: Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինծառայությունից տարկետում չստանան»,- ասված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---