ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի ընտրություններն ամեն անգամ ներկայացում են հիշեցնում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ընտրություններն ամեն անգամ ներկայացում են հիշեցնում: Ընդ որում, ամեն ինչ ծայրահեղ կեղծ է երեւում, քանի որ բացակայում է գլխավորը` ժողովրդավարական գործընթացը, առանց որի արդար ընտրություններ հնարավոր չեն: Սադդամ Հուսեյնը նույնպես նախքան ԱՄՆ-ի հարձակվելը Իրաքի վրա իր երկրում կազմակերպեց «ընտրություններ»` արդյունքում հավաքելով ձայների 90%-ը: Բայց դա նրան չօգնեց: Այդ պլանում Ադրբեջանը նույնպես դատապարտված է պարտության. նա հետեւողաբար գնում է դեպի դիկտատուրա»,- հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Արա Փուլուզյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախընտրական իրադրությունը: Նրա խոսքերով, միայն «Նախագահական ընտրություններ ԱՀ-ում» կոչվող բեմի վրա կատարվող բաները տեսնելը վտանգավոր է: Ավելի կարեւոր է գլուխ հանել, թե ինչ է կատարվում ետնաբեմում: «Ադրբեջանում չկա բազմակարծություն, որի վառ վկայությունն է հիմնական ընդդիմական կուսակցությունների հրաժարվելը ընտրություններին մասնակցելուց: Ի՞նչ վիճակի են հասցրել ընդդիմությանը, որ նա ի սկզբանե, առանց պայքարի մեջ մտնելու, բոյկոտում է ընտրությունները: Դա նշանակում է, որ նրա մոտ ընդհանրապես բացակայում է սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունը, եւ որ նա չի ցանկանում բավարարվել այդ ներկայացման մեջ միայն էպիզոդիկ դերով:



Որպես մի մարդ, որը զբաղվում է Իրանի խնդիրներով, իսկ այդտեղ ամռանը նույնպես նախագահական ընտրություններ են կայանալու, ցանկանում եմ նշել, որ տվյալ պլանում այդ երկրում իրադրությունը շատ ավելի լավն է: Այստեղ կարծիքների պայքար է ընթանում, չկան քննադատությունից դուրս անձինք, կան մեխանիզմներ, որոնց կիրառումը կանխում է դիկտատուրայի հաստատումը: Ցավոք, Ադրբեջանում նման մեխանիզմներ չկան:



Դժբախտաբար, իրադրության վատթարացմանը նպաստում են որոշ եվրոպական կառույցներ, որոնք չեն ցանկանում նկատել Ադրբեջանում կատարվող հակադեմոկրատական գործընթացները, միատեսակ մոտեցում չեն ցուցաբերում նմանօրինակ խնդիրների հանդեպ Ադրբեջանում, եւ, օրինակ, Իրանում, Հայաստանում, կամ Լեռնային Ղարաբաղում: Երկակի ստանդարտների կիրառումը, Ադրբեջանի իշխանությունների հետ եվրակառույցների խաղերը, ընտրությունների արդյունքի ճանաչումը իրերի ցանկացած դրության դեպքում այդ երկրում բացահայտ չեն նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Խոսքի համար, հենց ԼՂՀ-ում, չնայած նրա` միջազգային հանրության կողմից չճանաչված լինելուն, ընտրությունները շատ ավելի թափանցիկ եւ ժողովրդավարական են անցնում, այդ մասին է վկայում, թերեւս, կուսակցությունների ակտիվ մասնակցությունը: Մեր հանրապետությունում, ի տարբերություն մեր «ճանաչված» հարեւանների` այլընտրանք եւ ընտրության հնարավորություն գոյություն ունի:



Նորմալ երկրում պետք է գործեն ժողովրդավարական ինստիտուտները: Իսկ ժողովրդավարությունը ոչ միայն ընտրություններն են. դա բարդ եւ բազմակողմանի գործընթաց է, որին կարելի է հասնել միայն հաջորդական եւ նպատակաուղղված քայլերի արդյունքում: Մինչդեռ ընտրություններ «խաղալը» անգամ ժողովրդավարության հայտանիշների բացակայության պայմաններում բոլորովին անհամոզիչ, անմիտ եւ վտանգավոր է երեւում, այդ թվում նաեւ ադրբեջանական ժողովրդի համար»,- հայտնել է Արա Փուլուզյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---