Եվրոպայի Հայկական ֆեդերացիան թերահավատորեն է վերաբերվում Կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական ոչ կառավարական կազմակերպությունների եւ Եվրամիության կառույցների միջեւ պարբերական խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանի հանդիպումը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ն են հաղորդել EAFJD-ում, հանդիպման հիմնական թեման է եղել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-թուրքական հարաբերությունները եւ Վրաստանի հայ բնակչության խնդիրները: Հ.Չոբոյանն ու Պ.Սեմնեբին նշել են իրավիճակի կայունացման եւ Հարավային Կովկասում համագործակցության անհրաժեշտությունը: Հիլդա Չոբոյանը հայտարարել է, որ EAFJD-ն թերահավատորեն է վերաբերվում Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը` նշելով, որ մինչ օրս Թուրքիան ապակայունացնող գործոն է եղել տարածաշրջանում Հայաստանի շրջափակման եւ ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ դիրքորոշման պատճառով: «Կովկասում ուժերի նոր բալանսի համատեքստում Թուրքիան փորձում է միջնորդի դեր կատարել Եվրոպայի, Ռուսաստանի ու Կովկասյան երկրների միջեւ: Սակայն այդ հույսերը անհիմն են, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունն այն մասին, թե Անկարան հատուցում կպահանջի սահմանը բացելու դիմաց, մասնավորապես` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում»,-նշել է նա:



EAFJD-ի նախագահը ներկայացրել է Սեմնեբիին Վրաստանի հայ բնակչության խնդիրները: Նրա խոսքերով, կարելի է ակնկալել, որ Հարավային Օսեթիայում պարտություն կրելուց հետո, Վրաստանի ազգայնական ուժերը կփորձեն «քավության նոխազ» դարձնել երկրի հայ բնակչությանը: «Վրաստանը շահագրգռված է հարգել ազգային փոքրամասնությունների, հատկապես, Ջավախքի հայերի, իրավունքները, քանի որ դա բխում է Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից: 21-րդ դարում կենտրոնացված, ունիտար պետություն կառուցելու փորձը Վրաստանի պես բազմազգ պետության համար իրատեսական չէ»,-նշել է Հ.Չոբոյանը` հավելելով, որ ԵՄ-ն կարող է կարեւոր դեր կատարել Վրաստանում վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---