Ալեքսանդր Իսկանդարյան. Հնգօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասն անհայտացավ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան անսովոր էր, եւ անսովոր էր ոչ միայն այն պատճառով, որ նա առաջին անգամ էր այցելում Հայաստան որպես ՌԴ նախագահ, այլեւ այն պատճառով, որ մնացած երկրներն ու Ռուսաստանը, մասնավորապես, գործ ունեն նոր Կովկասի հետ: Հնգօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասն անհայտացավ»,- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` վերջերս Երեւան կատարած այցի արդյունքների շուրջ այսօր կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



Նրա խոսքերով, Վրաստանի իրադարձություններից հետո Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի միջեւ հարաբերությունների մասին խոսելիս կարելի է հիշատակել միայն Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ ռուս-վրացական հարաբերությունները ներկայումս գոյություն ունեն այլ հրապարակներում եւ այլ ձեւաչափերով: «Ռուսաստանին եւ մնացած երկրներին անհրաժեշտ է տարածաշրջանի հետ, որը դեռեւս գտնվում է ձեւավորման փուլում, նոր ձեւաչափով փոխգործակցել: Այդ փորձը նախաձեռնվեց Դմիտրի Մեդվեդեւի` Երեւան կատարած այցի ընթացքում, եւ ինձ թվում է, որ այցի շարունակությունը պետք է դառնա հայ-ռուսական հարաբերությունների մշակումը Վրաստանի իրադարձությունների ենթատեքստում»,- նշել է քաղաքագետը եւ ավելացրել, որ Հայաստանի համար շատ կարեւոր են հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ



Շոշափելով տարածաշրջանում հակամարտությունների հարցը, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ վերջին 17 տարիների ընթացքում Հարավային Կովկասում դիտվում է «հակամարտությունների անլուծելիության» միտում: «Առանձնապես գունեղ տրամադրություններ ես չեմ կիսում, ինչ էլ որ ասեն պաշտոնական անձինք»,- նշել է Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ եւ ՌԴ մրցակցությանը Հարավային Կովկասում, քաղաքագետը նկատել է, որ այն բավական զգալի է դարձել վերջին ժամանակներս: «Մոսկվայի եւ Վաշինգտոնի մրցակցությունը տարածաշրջանում ընդհանրապես եւ զանազան տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում, մասնավորապես, այն է, ինչի հետ Հայաստանը ստիպված է ապրել եւ ընդունել որպես ինչ-որ իքնին լուծվող մի իրողություն: Մենք դրան սովոր ենք եւ մշակել ենք որոշակի մեխանիզմներ: Այո, տարածաշրջանի հակամարտությունների շուրջ մրցակցում են տերությունները, եւ դրա հետ ստիպված ենք ապրել եւ հաշվի նստել, ոչ մի նոր բան տեղի չի ունենում, փոխվում է միայն տարածաշրջանը»,- ամփոփել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---