ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Պուտինին ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Պուտինին ծննդյան օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում:

Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին:

Շնորհակալ եմ պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, բարօրություն և երջանկություն»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:

«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:

Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում»,-ասված է Հայաստանի նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---