Ինչու՞ է ՀՀ-ն նահանջել Doing Business-ում․ ԿԲ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը տարբեր պատճառներ են նշում

Ինչու՞ է ՀՀ-ն նահանջել Doing Business-ում․ ԿԲ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը տարբեր պատճառներ են նշում

PanARMENIAN.Net - Համաշխատհային բանկի Doing Business-ի զեկույցում խնդրահարույց գնահատական կա, Հայաստանը զիջել է դիրքերը, հետընթաց է արձանագրվել: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվելով, թե որն է նման զարգացման պատճառը:

Նախարարը նշել է, որ զեկույցի այդ ցուցանիշը պարզաբանման կարիք ունի, հավելելով, որ 190 երկրներ գնահատվում են 10 ցուցիչներով և նոր մեթոդաբանությամբ:

«Հայաստանն այս տարվա գնահատման արդյունքում 74,5 միավոր ունի, որը 2019 թվականի նույն մեթոդաբանության տրված գնահատականով առաջընթաց է 1,3 միավորով, այսինքն նախորդ տարվա վիճակի համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց, որը մեր կողմից իրականացված բարեփոխումների հետևանք է»,-ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանը դիրքում ունի հետընթաց, ոչ թե ռեյտինգում:

«Սա պայմանավորված է նրանով, որ Համաշխարհային բանկն այս տարի առաջին անգամ փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը փոքր բաժնտերերի շահերի պաշտպանություն կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով: Այս ցուցիչն առանձին վերցրած ունի 6 առանձին ենթացուցիչներ, որոնց նախորդ տարվա գնահատման ժամանակ որակվում էին, թե մեր իրավակարգավորումներն որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը: Այս տարի սակայն ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ թե դրանց արդյունքում արժեթղթերի շուկայում՝ բորսայում, քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում, այսինքն բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք»,- բացատրել է նախարարը, նշելով, որ նախորդ տարվա մեթոդաբանությամբ հաշվարկվելու դեպքում Հայաստանը կրկին 47-48-ը կլիներ:

Վարչապետը նշել է, որ սկզբունքորեն սա վատ նորություն չէ՝ մանավանդ այն կոնտեքստում, որ մի քանի ընկերություններ որոշակի բաց արժեթղթեր են թողարկել, որը արժեթղթերի բորսայում հայտնվելու նախաքայլ է:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իր հերթին, նշել է, որ հրապարակված զեկույցում հայտնաբերել են տեխնիկական սխալ, այդ մասին տեղյակ կպահեն Համաշխարհային բանկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---