Բաքվի «ղարաբաղյան ռազմավարության» կարեւոր տարրերից մեկը ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «ղարաբաղյան ռազմավարության» կարեւոր տարրերից մեկը դարձավ մարտական գործողությունները վերսկսելու բացահայտ եւ հրապարակային սպառնալիքը, որի նպատակն էր ազդել ինչպես արեւմտյան տերությունների կողմից հակամարտության հոգեբանական ընկալման, այնպես էլ հայկական կողմերի վրա: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Ուժային շանտաժը դրսեւորվում է ինչպես Ադրբեջանի ամենատարբեր մակարդակի պետական ու քաղաքական գործիչների հայտարարություններում, այնպես էլ գերակշռում է ադրբեջանական քաղաքական վերնախավի եւ լայն հասարակայնության մեծ մասի տրամադրություններում եւ գնահատականներում: Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը լրացուցիչ հիմնավորում է ստանում նրա ղեկավարության եւ քաղաքական վերնախավի աչքերում նաեւ նավթային գործոնից չարդարացված բարձր սպասումներով ու Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տնտեսապես «քայքայիչ» սպառազինության մրցավազք պարտադրելու ցանկությամբ»,-նշել է նա:



Ըստ Մինասյանի, Ցխինվալի մատույցներում օգոստոսյան մարտերի «գործնական» արդյունքներից մեկը դարձավ Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման տեսքով ուժային շանտաժի իրականության մասին առասպելի կործանումը, որն ակտիվորեն օգտագործվում էր վերջին տարիներին ադրբեջանական ղեկավարության կողմից ինչպես ներքաղաքական քարոզարշավում, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական առումով: «Օգոստոսյան «հակառակ բլիցկրիգն» ու նախկին «մետրոպոլիայի»` այսինքն Վրաստանի, որը որոշել էր ուժով ետ բերել անջատված ապստամբ ինքնավարությունը` Հարավային Օսեթիան (իսկ հետագայում, հավանաբար, նաեւ Աբխազիան), բանակի անակնկալ արագ պարտությունը միանգամայն հստակ եւ հասկանալի տպավորություն գործեցին Բաքվի քաղաքական գործիչների եւ լայն հասարակայնության վրա: Ադրբեջանի քաղաքական վերնախավի համար զուգահեռները միանգամայն պարզ էին: Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում «կրաինայի նախադեպի» բուն հնարավորության տապալումը, այն, որ Վրաստանը միջնաժամկետ հեռանկարում ակնհայտորեն կորցրեց իր իրավասությունը Սուխումի եւ Ցխինվալի հանդեպ վերականգնելու նույնիսկ հույսերը, այդ նախկին խորհրդային ինքնավարությունների անկախության իրավաբանական ճանաչումը նույնիսկ դեռեւս մեկ ազդեցիկ միջազգային խաղացողի կողմից, բազմաթիվ զոհերն ու վրացական բանակի փաստացի բարոյալքումը, Մ.Սահակաշվիլիի թիմի համար երկրում իշխանությունը կորցնելու սպառնալիքը` բոլոր այս օրինակները հազիվ թե ցանկալի հեռանկար են Իլհամ Ալիեւի կառավարության համար` ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Այն, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ուժային շանտաժի շարունակությունը կարող է անսպասելիորեն միանգամայն վտանգավոր հետեւանքներ ունենալ հենց Ադրբեջանի համար մարտական գործողությունների իրական վերսկսման դեպքում, կարծես Բաքվում արդեն հասցրել են գնահատել: Դրա հետեւանքը հանդիսացավ 2008թ. օգոստոսի վերջից ադրբեջանցի ղեկավարների արտահայտությունների կտրուկ փոփոխությունը ղարաբաղյան հակամարտության հեռանկարների վերաբերյալ` հայտնվեց ինչ-որ «կառուցողական» երանգ եւ հիշատակումներ այն մասին, որ կողմերը պետք է շարունակեն խաղաղ բանակցությունները, անհետացան պարտադիր հիշատակումները Ադրբեջանի կողմից բոլոր միջոցներով Ղարաբաղում «սահմանադրական կարգի» շուտափույթ եւ անխուսափելի վերականգնման մասին պարտադիր հիշատակումները»,-ընդգծել է Սերգեյ Մինասյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---