Հարավային Կովկասի դասումը «եվրոպական տարածքին» արհեստական է

PanARMENIAN.Net - «Կովկասի ոչ մի պետություն չպետք է իրեն խոցելի համարի անվտանգության ոլորտում: Հարավային Կովկասի դասումը «եվրոպական տարածքին» հիմնականում արհեստական է` տեսանելի ապագայում ԵՄ-ն չի տեսնում Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին իր անդամների դերում, իսկ Եվրամիության գործողությունները Կովկասում ոչ միանշանակ փորձարկումներ են թվում: Ռուսաստանն ավելի կովկասյան երկիր է, քան Թուրքիան եւ առավել եւս Եվրոպայի երկրները»,-գրում է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի աշխատակից Անդրեյ Արեշեւը «Կայունությունը Կովկասում «հնգօրյա պատերազմից» հետո Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի դերը» հոդվածում:



Ըստ ռուս փորձագետի, «Կովկասում անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունն իրագործման լավ շանսեր ունի», քանի որ թուրքական դիվանագիտությունն ակտիվ եւ համալիր աշխատանք է տանում տարբեր ուղղություններով: «Վերջին ամիսներին մենք տեսնում ենք թուրք-հայկական հարաբերությունների զգալի բարելավում, եւ սա միակ օրինակը չէ: Սակայն հետագա քննարկում պահանջող հարցեր են մնում: Առաջինը` թուրք դիվանագետների ելույթներում ընդգծվում էր, որ թուրքական նախաձեռնությունը վերաբերում է միայն ԵԱՀԿ անդամ երկրներին: Սակայն Կովկասում կայունության պլատֆորմի գաղափարին միայն Ռուսաստանի ու Թուրքիայի (այն էլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ) մասնակցությունն առանց Իրանի ամբողջական չէր լինի: Ռուսաստանի ու Իրանի մերձեցումը կայունացնող գործոն է, որը կարող է նպաստել Եվրամիության անդամ առանձին պետությունների առավել կառուցողական դիրքորոշմանը, կթուլացնի ԱՄՆ-ի գործողություններին սատարելու նրանց ձգտումը, ինչը ապակայունացնում է տարածաշրջանը: Արդեն այժմ տեսանելի է, որ ԵՄ շատ պետություններ ինքնուրույն քաղաքականություն են վարում Թեհրանի հարցում»,-ասվում է հոդվածում:



Ըստ Արեշեւի, երկրորդը` ապագայում Վրաստանի անդամակցումն է ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ այդ հանրապետության ռազմական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչն էապես դժվարացնում է ցանկացած խաղաղապահ նախաձեռնությունների իրականացումը Կովկասում, քանի որ այդ դեպքում դաշինքային դիմակայությունը լրացուցիչ խթան կստանա: ՆԱՏՕ-ի ուժեղացմանը Կովկասում կհակադրվեն Ռուսաստանի հնարավոր քայլերը: «Հնարավոր է Շանհայի համագործակցության կազմակերպության վերափոխում լայնամասշտաբ ռազմաքաղաքական դաշինքի նոր երկրների մասնակցությամբ (մասնավորապես, Իրանում): Ամենաադեկվատ որոշումը կլիներ Վրաստան զենքի առաքման ամբողջական էմբարգոն: ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչների հայտարարություններն այդ իմաստով հուսադրում են, սակայն հարկավոր է ամբողջական լրատվություն այդ հարցի վերաբերյալ: Երրորդը` ցանկացած խաղաղապահ նախաձեռնություններ պետք է առաջ քաշվեն հաշվի առնելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի որպես անկախ պետությունների գոյության փաստը: Տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգ կառուցել առանց հաշվի առնելու չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված պետությունների շահերը, կնշանակի դժվարացնել նման համակարգի ստեղծումը, եթե ընդհանրապես դա անհնար չի դարձնի: Չորրորդը: Թուրքական նախաձեռնության վերաբերյալ որոշ մեկնաբանություններում նկատելի է այդ մեկնաբանությանը հստակ հակառուսական ուղղվածություն հաղորդելու ցանկությունը: Նման մեկնաբանություններում Կովկասի անվտանգության պլատֆորմը ներկայացվում է որպես մի նոր Կայունության պակտ Բալկաններում: Հազիվ թե նման մեկնաբանությունները ձեռնատու լինեն Ռուսաստանի համար»,-ընդգծում է Անդրեյ Արեշեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---