Սահակյան. Ադրբեջանական համայնքը բանակցային գործընթաց խցկելու փորձերը պետք է չեզոքացնենք

Սահակյան. Ադրբեջանական համայնքը բանակցային գործընթաց խցկելու փորձերը պետք է չեզոքացնենք

PanARMENIAN.Net - Արցախի համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երևանում ընթացող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում՝ անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը:

Նա հավելել է նաև, որ պետք է չեզոքացնել ադրբեջանական համայնքը որպես առանձին սուբյեկտ բանակցային գործընթացի մեջ խցկելու փորձերը:

Նա հայտարարել է, որ կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: «Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան»,-ասել է նա:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, Արցախի նախագահը մեկ անգամ ևս կանգ է առել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: «Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիրարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները:

Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով:

Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը»,-ասել է նա:

Անդրադառնալով Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին՝ Սահակյանը հիշեցրել է, որ 2020 թվականին տեղի են ունենալու հերթական նախագահական և խորդհրդարանական ընտրությունները, ընտրվելու են Հանրապետության նոր նախագահ և Ազգային ժողով:

«Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է: Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները ևս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության և հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ: Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար»,-ասել է նա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---