Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով:

Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.«2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն»։

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017թ. հունիսի 9-ի ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ Հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։

Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանձնաժողովը որոշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով հարուցել վարույթ»,-ասվում է հանձնաժողովի որոշման մեջ։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---