Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել. Նոր ընտրությունները` մարտին

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել. Նոր ընտրությունները` մարտին

PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական է տվել երկրում երկարատև ցույցերից հետո: Համապատասխան հայտարարությունն ընթերցել է երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան նախագահի պետական առանձնատան մոտ հավաքվածներին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնում եմ ձեզ, որ ես վայր եմ դնում նախագահի լիազորությունները՝ հանուն երկրում կայունության պահպանման»,- ասվում է նախկին նախագահի հայտարարության մեջ:

Հավաքվածները Հաջիմբայի հայտարարությանն արձագանքել են ծափողջույններով, օդ կրակոցներով, որից հետո ցրվել են:

Հաջիմբան գլխավորում էր Աբխազիան 2014-ից. 2019-ի սեպտեմբերին նա վերընտրվել էր:

Նախագահի պարտականությունները, հավանաբար, կկատարի երկրի վարչապետը, վերջնականապես այդ հարցը կլուծվի բանակցություններից հետո: Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը ևս հաստատել է այդ տեղեկությունը:

«Արյուն չհեղելու համար, երկրում կայունությունը հաստատելու համար նա հրաժարականի մասին փաստաթուղթ է ստորագրել»,- ասել է նա:

Ըստ օրենքի՝ Հաջիմբայի հրաժարականն այժմ պետք է ընդունի երկրի խորհրդարանը:

Մինչ այդ, Աբխազիայի ԿԸՀ-ն արդեն նախագահական նոր ընտրություններ է նշանակել՝ դրանք կկայանան մարտի 22-ին, գրում է «Վեդոմոստին»:

Պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք նախագահի արտահերթ ընտրություններին՝ Հաջիմբան ասել է. «Կյանքը ցույց կտա»:

Քաղաքական ճգնաժամն Աբխազիայում սկսվել է 2019-ի սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որին մասնակցել է 2 թեկնածու՝ Հաջիմբան և Ալխաս Կվիցինիան «Ամցարախա» կուսակցությունից: Հաջիմբան հաղթել է 1%-ի առավելությամբ՝ նա հավաքել էր 47,38%, իսկ մրցակիցը՝ 46,19%: Կվիցինիան չի ճանաչել ընտրությունների արդյունքներն ու վիճակել է դրանք: Դեռևս հայտնի չէ նոր ընտրություններին նրա մասնակցության մասին:

Հունվարի 9-ին հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել հանրահավաքի Սուխումի կենտրոնում՝ նախագահի նստավայրի մոտ: Նրանք պահանջում էին նոր ընտրություններ և գրոհել էին շենքը: Նախագահի վարչակազմը գրոհը համարել էր հեղաշրջման փորձ: Ցուցարարները դժգոհ էին նրանից, թե ինչպես է դատարանում քննվում ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի գործը, 2019-ի նոյեմբերին Սուխումում փոխհրաձգության հետաքննությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական անբավարար վիճակից և կոռուպցիայից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---