Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի հարցերին

Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի հարցերին

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին՝ չնայած իրեն «առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից»: Այս մասին ասվում է Կոստանյանի հայտարարության մեջ, որը հրապարակել է «Փաստինֆոն»:

Նա առաջարկում է կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ պնդելով, որ քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ:

Ըստ Կոստանյանի՝ հարցերին հրապարակային պատասխանելու իր պահանջը հիմնական երկու պատճառ ունի՝

1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումն ընդգծված և միակողմանի հրապարակայնությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրրների դեսպանների մակարդակով:

2. Իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճը: Իրավապահները, առանց որևէ հիմնավորում ունենալու, ԶԼՄ-ներում հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և դատավարական այլ փաստաթղթեր, իսկ «իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն՝ թաքցնելով իրական հանգամանքները», ինչն եղավ նաև իր դեպքում:

«Պատրաստ եմ վերադառնալ՝ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքների մասին, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ»,- ասել է նա:

Ըստ Կոստանյանի՝ եթե հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին հաջողվի ներկայացնել իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող «քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ամբողջ խստությամբ»:

«Հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն:

Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում»,- ասվում է նախկին գլխավոր դատախազի հայտարարության մեջ:

Կոստանյանը հետգրությամբ հատուկ դիմել է Մարտի 1-ի գործով բոլոր տուժողներին և նրանց հարազատներին. «մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին մարդիկ, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ»:

Նրա պնդմամբ՝ Մարտի 1-ի գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով՝ ուղղակի փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել սպանությունների «իրական մեղավորներին գտնելու անկարողությունից կամ ցանկության բացակայությունից»:

2019-ի նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանը տեղեկացրել էր Մոսկվայում գտնվելու մասին՝ նշելով, թե ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը:

Գևորգ Կոստանյանը քրգործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---