Ղարաբաղի հարցում որեւէ «զիջումները» միայն կխրախուսեն հակառակորդի` ձեռք բերված հաջողությունը զարգացնելու ցանկությունը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան կարգավորման հանդեպ Ադրբեջանի մոտեցման մեջ չկա եւ չի կարող լինել որեւէ զգալի փոփոխություն: Ադրբեջանի դիրքորոշումը եղել է, կա եւ, անկասկած, կմնա անփոփոխ, եւ այն ավելի քան պարզ կերպով արտահայտվում է տարեց տարի: Արցախը պետք է գտնվի Ադրբեջանի կազմում, եւ այստեղ պետք է պայմաններ ստեղծվեն խորհրդային դարաշրջանի քաղաքականության շարունակության` ադրբեջանական մեծամասնության եւ հայկական բնակչությունը դուրս մղելու համար»,- PanARMENIAN.Net ին ուղարկված «Սթափեցում» հոդվածում գրում է ղարաբաղցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանին եւ ԼՂՀ-ին փաստացիորեն առաջարկում են հաշտվել այդ պարզ եւ հստակ դիրքորոշման հետ, որը հասցրել է դառնալ ոչ միայն պարզապես Ադրբեջանի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմքը, այլեւ պետության գաղափարախոսության բաղկացուցիչը: «Հայկական կողմը չի ցանկանում ճանաչել այն փաստը, որ 20 տարվա ընթացքում Ադրբեջանում մեծացել է մի նոր սերունդ, որը դաստիարակված է ամեն հայկական բանի հանդեպ ատելությամբ եւ այն մոլի հավատով, որ Արցախը պետք է ամեն գնով վերադարձվի: Հիանալի է, եթե դրան կհաջողվի հասնել խաղաղ, դիվանագիտական մեթոդներով, միջնորդ երկրների ճնշման եւ հայկական վերնախավի կաշառքի միջոցով: Եթե տվյալ մեթոդները չաշխատեն, նշանակում է, խնդիրը պետք է լուծվի այլ, ռազմական մեթոդներով: Այդպես է եղել երեկ, այդպես է իրերի դրությունն այսօր եւ այդպես, անկասկած, լինելու է նաեւ վաղը եւ տեսանելի ապագայում»,- գրում է փորձագետը:



Նրա համոզմամբ, կտրուկ փոփոխությունների շրջանում ժողովրդի եւ պետության անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել միայն եւ միայն ինքը` ժողովուրդը, նրա կամքը կյանքի հանդեպ, որն, այդ թվում, իրագործվում է ուժեղ պետականության եւ նրա միջուկի` պետության ռազմական կազմակերպության ձեւով: «Հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքն է հանդիսանում հայկական բանակն ու հայկական պետությունների` վերջին` համեմատաբար հանգիստ տարիներին կառուցված պաշտպանության համակարգը: Տվյալ ոլորտում որեւէ փոփոխություններն ու «զիջումները» չեն կարող կանգնեցնել հակառակորդին, բայց կխրախուսեն նրա` ձեռք բերված հաջողությունը զարգացնելու ցանկությունը»,- ընդգծել է Արզումանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---