Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունն արտակարգ ռեժիմով կաշխատեն

Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունն արտակարգ ռեժիմով կաշխատեն

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով: Օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հատուկ հրամանագիր է ստորագրել:

Խորհրդարանի այն պատգամավորներին և աշխատակիցներին, որոնք վերջին 7 օրում եղել են կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՀԿ կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված երկրներում, Վրաստան ժամանելու օրվանից հաշված 2 շաբաթ չպետք է այցելեն խորհրդարան: Դա վերաբերում է նաև նրանց հետ շփում ունեցած անձանց, գրում է «Sputnik Գրուզիան»:

Խորհրդարանում նաև չեղարկվել են կողմնակի անձանց մասնակցությամբ բոլոր զանգվածային միջոցառումները:

Կառավարությունը, իր հերթին, հայտարարել է, որ բոլոր նրանք, ում ներկայությունը պարտադիր չէ աշխատավայրում, պետք է, հնարավորության դեպքում, տնից աշխատեն:

Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 24 մարդ, այդ թվում 12 տարեկան երեխա: Կարանտինում 295 մարդ կա, իսկ հիվանդանոցներում՝ 49: Երկրում հետաձգվել է գարնանային զորակոչը: Մինչև ապրիլի 1-ը փակ են դպրոցները, մանկապարտեզները, թատրոններն ու թանգարանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---