Today's Zaman. Անկարան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը արդեն 2009 թվականին

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահության ընթացքում համարձակ քայլեր ձեռնարկի Թուրքիայի հետ բանակցային գործընթացում, ապա Անկարան իր հերթին կարող է բացել սահմանը Հայաստանի հետ արդեն 2009 թվականին: Այս մասին ասվում է թուրքական Today's Zaman թերթի մեկնաբան Հասան Քանբոլաթը «Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել 2009թ.» հոդվածում:



«Եթե Երեւանը առաջարկի Ադրբեջանի տարածքից իր զորքերը դուրս բերելու ծրագիրը եւ ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ապա Անկարան կարող է պատասխան քայլ կատարել: Սահմանամերձ առեւտրի առկայությունն ու Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը կարող են նպաստել սահմանի բացմանը»,-գրում է հրապարակախոսը: Ըստ նրա, հաշվի առնելով վերջին առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում, պաշտոնական Բաքուն կարող է որոշակի քայլեր ձեռնարկել, խոչընդոտելու համար այդ գործընթացին:



«Ըստ որոշ եվրոպացի ու հայ փորձագետների, նորմալ հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, Հայաստանը կկարողանա ինտեգրվել Եվրոպային: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, 2008թ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է` հասնելով 250 մլն դոլարի: Ելնելով սրանից, պարզ է դառնում, որ սահմանի բացումը ավելի շատ քաղաքական, ոչ թե տնտեսական նպատակներ ունի: Սա մի նախագիծ է, որը կօգնի Հայաստանի ժողովրդավարացմանն ու նրա եվրաինտեգրման գործընթացին»,-գտնում է թուրք հրապարակախոսը:



Հոդվածի վերջում Հասան Քանբոլաթը գրում է, որ «հայ, թուրք եւ ադրբեջանցի ժողովրդների համար, որոնք հազարամյակներ շարունակ իրար կողք են ապրել, այժմ անիմաստ ու անտրամաբանական կլինի խարխլել սեփական ապագան այն աննշան խնդիրների պատճառով, որ առաջացել են վերջին տասնամյակներին»: «Հարավային Կովկասին անհրաժեշտ է մշտական կայունություն, այնտեղ բնակվող մարդկանց հարկավոր է խաղաղություն ու բարգավաճում»,-եզրափակել է Քանբոլաթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---