Փաշինյան․ ԱԺ միջադեպն այլ կերպ, քան քսմտելի սադրանք, չեմ կարող որակել

Փաշինյան․ ԱԺ միջադեպն այլ կերպ, քան քսմտելի սադրանք, չեմ կարող որակել

PanARMENIAN.Net - ԱԺ-ում միջադեպը «քսմտելի սադրանք» էր, իսկ տեղի ունեցածը հեղափոխությունից հետո ամենամեծ պարտությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ իր հեղափոխական թիմը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։

Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:

«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամաորներին սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ ամենը նպատակ ունի «խեղճացնել, քայքայել» քաղաքական մեծամասնության հանդեպ վստահությունը։

Փաշինյանը նշել է, թե մայիսի 7-ին Մարուքյանն իրեն հրավիրել է սուրճի, և ինքն ասել է, թե հիմքեր ունեն կասկածելու, որ «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը հոգեբանական, բարոյական և ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի մի մասն է։

Փաշինյանը մատնանշել է տեղի ունեցած միջադեպի վայրն ու հարցրել, թե ինչու էր ելույթ ունեցող Մարուքյանն իջել ու գնում դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Վարչապետը հարց է ուղղել, թե որտեղից վստահությունը, որ Միքայելյանն իր վրդովմունքն արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից։

«Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, չեմ կարող անվանել։ Մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Եվ ես ուզում եմ ուղիղ ասել, որ դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների։ Մեզ ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից։ Այս ամբիոնից էր այդ մարդն ասում մեզ «պադյեզդներում ծեծելու են», նրանք մեզ ուզում են դարձնել իրենց՝ «պադյեզդներում ծեծողներ», մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, թե ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ՝ «սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից»։

Էդմոն Մարուքյանն ու ԼՀԿ-ն միջադեպից հետո լքել էին ԱԺ նիստերի դահլիճը՝ նշելով, որ քաղաքական գնահատականի և հետևանքների են սպասում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---