1 ամսում առաջին անգամ ՀՀ-ում մեկ օրում ավելի շատ բուժված կա, քան վարակված

1 ամսում առաջին անգամ ՀՀ-ում մեկ օրում ավելի շատ բուժված կա, քան վարակված

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ-ում վերջին մեկ ամսում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելի մեծ է, քան վարակի հաստատված դեպքերի․ ապաքինվել է և դուրս գրվել 255 հոգի, վիրուսը հաստատվել է 230 մարդու մոտ։

Վերջին անգամ առողջացածների թիվը վարակակիրների թվին գերազանցել էր ապրիլի 17-ին, երբ առողջացել էր 121 հոգի, իսկ վիրուսը հաստատվել էր 47 անձի մոտ։ Դրանից հետո ՀՀ-ում հաստատված դեպքերի թիվը տասնյակներով գերազանցել է առողջացածներին։

Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5271-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 67 է, առողջացել է 2419 պացիենտ։ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, երկրում վարակի տարածման տեմպի ու վարակակիրների թվի մասին պարբերաբար մտահոգություններ են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Փաշինյանը մայիսի 19-ին հայտարարել էր, որ վարակի տարածման տեմպը չկոտրելու դեպքում ՀՀ-ում օրական հարյուրավոր մարդիկ կարող են մահանալ։ Նա նշել էր, որ նման տեմպի պարագայում մայիսի 29-ին արդեն ՀՀ-ում 10,000 դեպք կլինի, հունիսի 12-ին՝ 20,000 դեպք։ Նա նշել էր, որ նման սցենարով մահվան դեպքերի կտրուկ աճ կլինի և հիվանդների մի մասն օգնություն ստանալ չեն կարողանա, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն պացիենտներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---