Բելառուսում բողոքի ակցիաների ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել

Բելառուսում բողոքի ակցիաների ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Բելառուսում հունիսի 19-ին քաղաքական գործիչների և ակտիվիստների ձերբակալությունների դեմ բողոքի ակցիաների ավելի քան 120 մասնակից է ձերբակալվել, տեղեկացնում է Meduza-ն՝ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի վրա հղումով։

Մինսկում առնվազն 80 մարդ է ձերբակալվել, Գոմելում, Վիտեբսկում, Բոբրույսկում՝ մոտ 10 մարդ յուրաքանչյուր քաղաքում։

Մինսկում բերման են ենթարկվել նաև Բելառուսի «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խումբը և Reuters-ի օպերատորը։

Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան չի պարզաբանել լրագրողներին բերման ենթարկելու պատճառները։ Հունիսի 19-ի ուշ երեկոյան բոլոր բերման ենթարկված լրագրողներին ազատ են արձակել, ինչպես նաև մի քանի ակտիվիստների։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները խափանել են երկրի ապակայունացման ծրագիրը, որին մասնակից են արտաքին ուժերը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Բելգազպրոմբանկի նախկին նախագահ և Բելառուսի նախագահության թեկնածուի հավակնորդ Վիկտոր Բաբարիկոն՝ վկաների վրա ազդելու և հանցագործության ապացույցները թաքցնելու համար։

Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին։ Մայիսի 21-ին թեկնածուները սկսել են առաջադրվելու համար անհրաժեշտ ստորագրահավաքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---