ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական գործակցության խնդիրները

ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական գործակցության խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 28-ին հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերը:

Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման:

Դեսպան Կոպիրկինը կրկին վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական գործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, ՀՀ և ՌԴ տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:

Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---