Նիկոլայ Պավլով. Լուրերն այն մասին, թե Հայաստանը մտադիր է մտնել ռուբլու գոտի, ընդամենը խոսակցություններ են

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով տեղեկությունները Հայաստանին ՌԴ կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին` Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի լքում իր բարեկամներին այնպիսի ծանր պահերին, ինչպիսին է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: «Սակայն այն, թե Հայաստանից պահանջվում է անցնել ռուբլու գոտի, զուտ խոսակցություններ են, որոնց մասին ռուսական դեսպանատանը չեն էլ լսել»,-ասել է Պավլովը: Նրա խոսքերով, ընդհանրապես գաղափար կար տարածել ռուբլու գոտին ԱՊՀ բոլոր երկրների վրա, սակայն այժմ, կապված ճգնաժամի հետ, այդ հարցն ընդհանրապես չի արծարծվում:



Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը նշել է, որ նոր եզակի նախագծեր, որ մշակվում էին 2008-ին, դեռեւս չեն մշակվի: «Ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում հիմնական խնդիրն արդեն գոյություն ունեցող նախագծերին աջակցելն է, այդ թվում, այնպիսի հեռանկարային նախագծերին, ինչպիսին է միջուկային ռեակտորի շինարարությունը, որի իրականացումը դեռեւս չի սկսվել, երկաթուղիների արդիականացումը եւ այլն: Ինչ վերաբերում է բոլորովին նոր նախագծերին, չեմ կարծում, թե այս իրավիճակում կարելի է խոսել նոր նախագծերի մասին»,-ասել է Զայցեւը:



Ավելի վաղ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանին ՌԴ կողմից կայունացնող վարկի տրամադրման դիմաց դիտարկվում է ռուբլու գոտի Հայաստանի մուտքի հնարավորությունը: Նրա խոսքերով, այն դեպքում, եթե Ռուսաստանը պնդի, հարցը պետք է լուծվի Հայաստանի Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Մոսկվան ու Երեւանը քննարկում են ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ վարկի քաղաքական կողմերը` հաղթահարելու համար գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Ցանկացած դեպքում, մտնել ռուբլու գոտի թե ոչ, կորոշի Հայաստանի ժողովուրդը»,-ընդգծել է Վարդան Այվազյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---