Արմեն Գակավյան. Ես երբեք չեմ ասել, որ հայերը պետք է ներողություն խնդրեն թուրքերից

PanARMENIAN.Net - «Ես երբեք չեմ ասել, որ հայերը պետք է ներողություն խնդրեն թուրքերից, եւ երբեք չեմ պնդել, որ դրա համար պետք է ստորագրություններ հավաքել: Ես պարզապես քննարկման ընթացքում հայտնեցի իմ տեսակետն այն հարցի շուրջ, որ ASALA կողմից իրագործված ահաբեկչությունները բարոյապես արդարացված չէին միջազգային իրավունքի տեսակետից, եւ ես ցավում եմ, որ դրանք եղել են»,- ասվում է Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գակավյանի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ: Նրա խոսքով, թուրքական Radikal թերթին տված հարցազրույցում նա երախտագիտություն հայտնեց թուրք մտավորականությանը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի համար: «Ես ընդգծեցի, որ այդ քարոզարշավը միայն սկիզբն է, եւ հստակ հայտարարեցի, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրի թուրքական պետությունը: Ցավոք, այդ մի քանի բառերը հանվել էին ենթատեքստից, իմ հարցազրույցը խաթարվել էր, եւ անհրաժեշտություն առաջացավ իմ դիրքորոշումը ճշտելու: Հիմա ես ցավում եմ, որ նման հայտարարություններ արեցի թուրքական մամուլում եւ այսուհետ ավելի զգույշ կլինեմ: Ես կցանկանայի պարզել իրադրությունը»,- նշել է հայ պրոֆեսորը:



Նա նաեւ նկատել է, որ իր ընկերների հետ միասին վերջերս մշակել է «Շնորհակալություն» նախագիծը` ի պատասխան թուրքական ներողություններին եւ կցանկանար տարածել այն էլեկտրոնային փոստով: «Մեր պատասխանը կանխամտածվել էր որպես պատասխան թուրք մտավորականների մարդասիրական քայլին»,- ասել է Գակավյանը: Նա ընդգծել է, որ չկա հայ մտավորականության նախաձեռնող խումբ, որը պատրաստ է ներողություն խնդրել թուրքերից, ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը` ավելացնելով, որ Radikal թերթը էթիկապես սխալ է վարվել` տպագրելով հայ հեղափոխականների լուսանկարները իր մեկնաբանությունների հետ: «Իմ հարցազրույցում ես առաջարկեցի թուրքերի հանդեպ հայերի կողմից իրագործված ահաբեկչությունների սեփական մեկնաբանությունը: Իմ դիրքորոշումը հիմնված է մարդկային բարոյականության վրա: Ես հստակ հայտարարեցի, որ հայերի կողմից իրականացված ցանկացած հանցագործություն չի կարող համեմատվել մի ամբողջ ազգի գնդակոծության հետ: Եւ բոլոր իմ նկատողությունները ես բացառապես իմ անունից եմ կատարել»,- ասել է Գակավյանը: Նա նաեւ ընդգծել է, որ պրոֆեսոր Դենիս Փափազյանը չի մասնակցել ինտերնետ-քննարկմանը, եւ գտնում է, որ նրա ենթադրվող մասնակցության մասին տեղեկատվությունը սխալական հայտարարություններից է քաղվել, որոնք հրապարակվել էին նույն Radikal թերթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---