ՀՀ-ում բացվել է Covid-19-ից մահացածների համար 1-ին դիահերձարանը

ՀՀ-ում բացվել է Covid-19-ից մահացածների համար 1-ին դիահերձարանը

PanARMENIAN.Net - Հայաստանում այսուհետ դատաբժշկական փորձաքննության նպատակով կդիահերձեն նաև կորոնավիրուսից մահացածներին։ Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված առաջին դիահերձարանը, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Այն «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանն է։ Բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրերով։

Շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։

Բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։

Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։

Հայաստանում կորոնավիրուսի 41,701 դեպք է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 824 դեպք կա, այլ պատճառով՝ 243։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---