Grand Thornton. Չնայած լավատեսության անկմանը, ձեռնարկատերերը հույսը չեն կորցնում

PanARMENIAN.Net - Մասնավոր հատվածի ձեռնարկությունների հարցման արդյունքում առաջիկա 12 ամիսների վերաբերյալ լավատեսության ընդհանուր արդյունքը անկում է ապրել 56%-ով՝ Grand Thornton International-ի լավատեսության/հոռետեսության չափիչի վրա արձանագրելով բացասական -16% ցուցանիշ՝ ի համեմատություն 2008 թ.-ին գրանցած +40%-ի:



2003 թ.-ից ի վեր, ինչ անցկացվում է այս հետազոտությունը, առաջին անգամն է, որ հոռետեսները գերազանցել են լավատեսներին, սակայն առաջին անգամն է նաեւ, որ 36 երկրների մասնավոր հատվածի ավելի քան 7,000 ընկերությունների ղեկավարների հարցումը ցույց է տալիս, որ մեծամասնության համար ամենամեծ սպառնալիք է հանդիսանում սպառողական պահանջարկի անկումը: Հետաքրքրական է նաեւ, որ որոշ զարմանալի տարբերություններ են գրանցվել տնտեսական ճգնաժամի նկատմամբ զարգացած եւ զարգացող երկրների վերաբերմունքի մեջ:



Աշխարհի խոշորագույն չորս առեւտուր իրականացնող երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք միասին կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 32%-ը, միանգամայն տարբեր արդյունքներ են արձանագրել: Միացյալ Նահանգներում լավատեսության ցուցանիշը եղել է -34%, իսկ Չինաստանում՝ +30%: Նմանապես, Ճապոնիան եւ Հնդկաստանը գրանցել են համապատասխանաբար -85% եւ +83%:



«Այս ծայրահեղ տարբեր արդյունքները ցույց են տալիս, որ համաշխարհային շուկայում, այդուհանդերձ, հույս կա ապագայի հանդեպ եւ ամենեւին էլ պատահական չէ, որ մասնավոր հատվածի ձեռնարկություններն են առաջիններից մեկը դա գիտակցում»,- մեկնաբանում է Ալեքս Մաքբիթը՝ մասնավոր հատվածի ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների գծով ղեկավարը եւ ավելացնում. «Համաշխարհային տնտեսության վերաբերյալ նրանց տեսակետը բացատրում է լավատեսության ընդհանուր անկումը եւ մինչ ձեռնարկությունները, ընդհանուր առմամբ, պատրաստվում են երկարատեւ եւ ծանր փորձությունների, զարգացող երկրների նրանց գործընկերները հասկանում են, որ միկրո մակարդակում այն կարող է իրական հնարավորություններ առաջարկել»:



Չնայած առկա հոռետեսությանը՝ 11 երկրներ իրենց տնտեսությունների վերաբերյալ գալիք տարում շարունակում են լավատես մնալ: Նրանց ցուցակը գլխավորում է Հնդկաստանը՝ +83% արդյունքով, այնուհետեւ +81%-ով Բոցվանան, +50%-ով Բրազիլիան եւ +46%-ով Հայաստանը: Ամենահոռետեսական արդյունքները գրանցվել են Ճապոնիայում (-85%) եւ Իսպանիայում (-65%): Ակնկալիքների առումով ամենակտրուկ փոփոխությունն արձանագրվել է Հոնկոնգում՝ անցյալ տարվա +81%-ից մինչեւ -49%: Սա վկայում է ոչ միայն այն մասին, որ Հոնկոնգն ամենամեծ վնասը կրած ֆինանսական կենտրոններից մեկն է, այլեւ արեւելքի եւ արեւմուտքի հետ նրա ունեցած առեւտրային հարաբերությունների մասին:



Այն հարցին, թե որ գործոնն է ամենից առավել մտահոգություններ առաջացնում գործարարների շրջանում, հարցմանը մասնակից 36 երկրներից 33-ում նշել են սպառողական պահանջարկի անկումը եւ բիզնեսների վարկավորման կրճատումը: Ալեքս Մաքբիթը կարծում է. «Մեր հարցման մասնակից երկրները կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 81%-ը: Եթե քաղաքական գործիչները երբեւէ կասկած ունենան սպառողական ծախսերի խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ, ապա տարբեր երկրների գործարարների նման համակարծությունը վստահաբար նրանց կհամոզի դրանում»:



Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կողմից հրապարակվող Միջազգային գործարար զեկույցը ամենամյա հարցում է, որն անցկացվում է աշխարհի մասնավոր հատվածի ձեռնարկությունների ղեկավարների շրջանում: Նախաձեռնված լինելով 1992 թ-ին եվրոպական ինը երկրներում՝ զեկույցն այժմ ամփոփում է 36 երկրների ավելի քան 7,200 ձեռնարկությունների հարցման արդյունքները՝ տրամադրելով տարածքային, տարածաշրջանային եւ համաշխարհային տվյալներ տնտեսական եւ կոմերցիոն հարցերի վերաբերյալ, որոնք ազդում են հաճախ համաշխարհային տնտեսության ,շարժիչե անվանվող հատվածի գործունեության վրա: Հետազոտությունն իրականացվում է ,Էքսպերիան բիզնես ռազմավարություններե կազմակերպության կողմից: Յուրաքանչյուր լրացված հարցաթերթիկի համար Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերում է 5 ԱՄՆ դոլար, որի ընդհանուր գումարը 2008 թ.-ին կազմել է 39,000 ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---