ԱԳ նախարարը՝ ՌԲԿ-ին․ Չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին

ԱԳ նախարարը՝ ՌԲԿ-ին․ Չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է, որ հնարավոր չէ բանակցային գործընթացից դուրս թողնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ հարցն առնչվում է հենց ԼՂ-ին, հենց ԼՂ բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը։

«Մենք չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին»,-ասել է նախարարը։

«Ինչպես էլ անվանի ԼՂ իշխանություններին ադրբեջանական քարոզչությունը, կան իրողություններ։ Եվ, ի դեպ, դա ընդունում են բոլորը՝ և համանախագահները, և կողմերը։ Ղարաբաղն ունի իր խոսքը։ Այն, որ նա չկա բանակցությունների սեղանի շուրջ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ։ Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք զանգում և հրահագներ ենք տալիս, ապա բոլորովին չի պատկերացնում Հայաստանի, ԼՂ, մեր կյանքի ու մեր հարաբերությունների իրողությունները։ Մենք չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին, բայց կարող ենք աշխատել նրա հետ»,-ասել է Մնացականյանը։

Նախարարը հավելել է, որ անհնար է մի իրավիճակ պատկերացնել, որ Երևանում կարող են ինչ-որ բան որոշել, ինչ-որ բանի մասին պայամանվորվել և դնել սեղանին առանց ԼՂ համաձայնության։

«Ադրբեջանի քարոզչության համար այս հարցն այդքան սրություն է ստացել, քանի որ իրենց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որտեղ Ղարաբաղ չկա։ Բայց իրողություններն այլ են»,- ասել է նա։

Մնացականյանը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը նրա անվտանգության ապահովման կարևոր միջոց է։

«Մեր պատկերացմամբ` ԼՂ հարցի լուծումն առաջին հերթին տևական, կայուն և ամուր անվտանգության ապահովումն է՝ մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության ապահովումը։ Այդ հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը։ Ադրբեջանը` դիմելով ռազմական ճանապարհի, շատ մեծ հարված հասցրեց բանակցային գործընթացին։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար ամեն ինչ է արվելու։ Եվ ԼՂ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգությունն ապահովելու կարևոր քայլ է»,- ասել է նա։

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---