Ոչ Կիեւը, ոչ Թբիլիսին «կանաչ լույս» չստացան ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ճանապարհին

PanARMENIAN.Net - Կրակովում փետրվարի 20-ին ավարտվեց ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական երկօրյա հանդիպումը: Օրակարգում ոչ միայն դաշինքին Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության հեռանկարներն ու ՌԴ-ի հետ հարաբերություններն էին, այլ նաեւ ՆԱՏՕ-ին Խորվաթիայի անդամակցությանն առնչվող խնդիրները, որ կապված են ՆԱՏՕ-ի անդամ Սլովենիայի այդ երկրի տարածքային վեճի հետ: ԱՄՆ-ի ու Գերմանիայի ՊՆ ղեկավարները քննարկել են նաեւ իրավիճակը Աֆղանստանում:



Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը գովել է Բեռլինին աֆղանական առաքելությանը մասնակցելու համար: Նա ստիպված էր խոստովանել, որ Ուկրաինան դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչեւէ, դաշինքի դռները բաց են Ուկրաինայի ու Վրաստանի համար, ինչպես եւ ՆԱՏՕ-ն բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար: Եվ դա չնայած որոշ հայտարարությունների, որ հնչել են Կրակովում հանդիպման տերերի շուրթերից:



Ամենակտրուկ հայտարարությունը կրակովյան հանդիպման ավարտին արել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ստանիսլավ Կոմորովսկին: «Հյուսիսատլանտյան մեր դաշնակիցները 2008թ. ռուս-վրացական ճգնաժամի ժամանակ հասկացան, որ թշնամին կարող է ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ի սահմաններին, քան մինչ այդ ենթադրվում էր, եւ մենք պետք է նկատի ունենանք այդ փաստը»-ասել է գեներալ Կոմորովսկին:



Զգալի տեղ է հատկացվել Վրաստանի ու Ուկրաինայի հեռանկարներին: Այդ հարցը գլխավորն էր ՆԱՏՕ-Վրաստան ու ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովների նիստերում: Դիտորդները նշում են, որ ոչ Կիեւը, ոչ Թբիլիսին «կանաչ լույս» չստացան ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ճանապարհին:



Ելույթ ունենալով ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին` դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ուշադիր հետեւում են պաշտպանական եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներին Ուկրաինայում, եւ ինչն այժմ ամենակարեւորն է, քննարկում են այն ճանապարհը, որով դաշնակիցները կսատարեն Կիեւի նախպատրաստմանը անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Ես կցանկանայի ընդգծել, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում բարեփոխումների խորացման գործում»,-ասել է Սխեֆերը:



Վրաստանը, որն այսօր, ինչպես եւ Ուկրաինան, դեռեւս ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ հեռանկարներ չունի, առաջարկել է Կրակովում օգտագործել երկրի տարածքը որպես Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ապահովման այլընտրանքային ուղիներից մեկը: Ընդ որում Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն ասելէ, որ խոսքը չի գնում «Վրաստանում դաշինքի ռազմակայանների տեղակայման մասին»,-գրում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---