ԱԳՆ․ Խաղաղ գործընթացի որևէ փուլում Շուշիից հրաժարվելու հարց չի եղել

ԱԳՆ․ Խաղաղ գործընթացի որևէ փուլում Շուշիից հրաժարվելու հարց չի եղել

PanARMENIAN.Net - Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատերազմից կարող էր խուսափել, եթե Ադրբեջանին վերադարձներ 7 շրջան ու Շուշին, սակայն դա չէր այն քաղաքականությունը, որն ուզում էր վարել ՀՀ կառավորությունը, մարտահրավերն ընդունվեց, բայց ցանկալի արդյունքի չբերեց։

Շուշիի ընկնելու մասին հայտարարվեց նոյեմբերի 9-ին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողսյանը նշել էր, թե քաղաքը հայկական ուժերի տիրապետության տակ չէ։ Ապա վարչապետը հայտարարել էր, որ մարտերը դեռ շարունակվում են։ Դրանից ժամեր անց պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքն անցնում է ադրբեջանական կողմին։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե «Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»։

Վարչապետի խոսքով՝ Շուշին հայկական կողմը կորցրել է, քանի որ դիվերսիոն ներթափանցումներով շարունակաբար մտել են քաղաք, դավադրությամբ և առանց կռվի քաղաքը հանձնելու մասին մեկնաբանություններն անհիմն են։ Փաշինյանը՝ հղում անելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նշել է, որ քաղաքի մատույցներում բազմաթիվ հայ զինծառայողների դիեր կան ու հարցրել՝ քաղաքը հանձնելու դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ համար են կռվել նրանք։ Փաշինյանի խոսքով՝ Շուշին դավադրաբար հանձնելու մասին հայտարարությունների հեղինակը ոստիկանությունում հրաժարվել է մեկնաբանել իր ասածը, հանրային կերպով ևս «այդ տեղեկատվությունը չի տրամադրում»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---