Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել զինվորականների գործուղմանն Ադրբեջան

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել զինվորականների գործուղմանն Ադրբեջան

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրին, որով նախատեսվում է զինվորականներ գործուղել Ադրբեջան։ Այդ են վկայում քվեարկության արդյունքները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը խորհրդարան էր ուղարկվել նոյեմբերի 16-ին։ Ըստ Էրդողանի հրամանագրի` զինվորականները կարող են Ադրբեջանում մնալ մեկ տարի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ԼՂ-ում հրադադարի պահպանման դիտարկման կենտրոնը նախատեսվում է տեղակայել Ադրբեջանի կողմից գրավված տարածքում։

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան համոզել է Անկարային չուղարկել իր խաղաղապահներին Ղարաբաղ։

«Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա, իրոք, և Ադրբեջանը, և Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հավանականության մասին։ Ինձ այնուամենայնիվ թվում է, որ մեզ հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին և մեր գործընկերներին Ադրբեջանում, որ պետք չէ պայմաններ կամ նախադրյալներ ստեղծել մեր պայմանավորվածությունների խախտման համար։ Այնպիսի պայմաններ, որոնք կսադրեին պայմանավորվող կողմերից մեկին ինչ-ինչ ծայրահեղ քայլերի և ծայրահեղ միջոցների»,-ասել է Պուտինը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցել է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---