Պուտին․ Մոսկվան համոզել է Անկարային չուղարկել իր խաղաղապահներին Ղարաբաղ

Պուտին․ Մոսկվան համոզել է Անկարային չուղարկել իր խաղաղապահներին Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին ու Թուրքիային, որ պետք չէ պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով խաղաղապահ գործողությանը մասնակցելու Թուրքիայի ցանկության մասին։

«Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա, իրոք, և Ադրբեջանը, և Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հավանականության մասին։ Ինձ այնուամենայնիվ թվում է, որ մեզ հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին և մեր գործընկերներին Ադրբեջանում, որ պետք չէ պայմաններ կամ նախադրյալներ ստեղծել մեր պայմանավորվածությունների խախտման համար։ Այնպիսի պայմաններ, որոնք կսադրեին պայմանավորվող կողմերից մեկին ինչ-ինչ ծայրահեղ քայլերի և ծայրահեղ միջոցների»,-ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը պարզաբանել է, որ նկատի ունի «անցած տարիների շատ ծանր ժառանգությունը և այն, ինչը կապված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական արյունալի իրադարձությունների» և ցեղասպանության հետ։

«Դա գործոն է, որը կարելի է ճանաչել, կարելի է չճանաչել։ Ոմանք ճանաչում են, ոմանք աշխարհում չեն ճանաչում։ Բայց այս հարցում ՌԴ համար խնդիր չկա։ Մենք վաղուց ենք այդ ամենը ճանաչել։ Բայց ինչ կարիք կա հրահրել հայկական կողմին թուրք զինվորների ներկայությամբ շփման գծում։ Ինձ թվում է, որ նախագահ Էրդողանն էլ է դա հիանալի հասկանում և ընդունել է։ Այստեղ մենք ոչ մի խնդիր չենք ունենա»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---