Փաշինյան. Տրանսպորտային ապաշրջափակումը կփոխի տարածաշրջանի զարգացման տրամաբանությունը

Փաշինյան. Տրանսպորտային ապաշրջափակումը կփոխի տարածաշրջանի զարգացման տրամաբանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված տրանսպորտային ապաշրջափակման քաղաքական պայմանավորվածությունը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական իրավիճակը, տնտեսական զարգացման տրամաբանությունը, հայտարարել է վարչապետ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Նոյմեբերի 10-ի համատեղ հայտարարությամբ ֆիքսվում էր, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ մարմինները:

«Սա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է դրա վրա կենտրոնանանք, քանի որ երբ խոսում ենք տնտեսական կայունության մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք»,-ասել է Փաշինյանը՝ մեկնաբանելով համաձայնության այդ կետը:

Վարչապետը նշել է, որ այժմ տնտեսական ծանր իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և տրանսպորտային ապաշրջափակման այդ քաղաքական համաձայնությունը կարող է ոչ միայն տնտեսական իրավիճակ փոխող ելակետ դառնալ, այլև փոխել տարածաշրջանի տնտեսական զարգացման տրամաբանությունը:

«Հույս ունեմ, որ այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են հայտարարության մեջ, մենք կկարողանանք կյանքի կոչել: Մասնավորապես, ես նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթուղիների և այլնի ապաշրջափակումը»,-հայտարարել է վարչապետը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---