Երեւանում կայացել է Ջավախեթիում Թբիլիսիի քաղաքականության դեմ ուղղված ցույց

PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնի, Ջավախք հայրենակցական միության, «Երկիր» հայրենադարձության եւ յուրացման հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ Երեւանի` Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի դիմաց կայացել է բողոքի զանգվածային ցույց: Ցույցի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Սամցխե-Ջավախեթիում ձերբակալված հայ ակտիվիստներին, հարգել եւ պաշտպանել շրջանի հայ բնակչության իրավունքները, շուտափույթ կերպով լուծել Հայ Առաքելական Եկեղեցու Վրաց թեմի իրավաբանական կարգավիճակի եւ Սամցխե-Ջավախեթիի տարածքում հայերենը երկրորդ պետական լեզու հռչակելու հարցերը: «Մենք բարեկամաբար ենք տրամադրված Վրաստանի հանդեպ, բայց երկրի խորհրդարանը պետք է հաշվի առնի հայկական համայնքի իրավունքները: Մենք պահանջում ենք, որպեսզի Վրաստանը ճանաչի հայերենը որպես Ջավախքի տարածքի երկրորդ պետական լեզու»,- հայտնել է Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:



Ցույցին, որն արտոնվել էր Երեւանի քաղաքապետարանի կողմից, ներկա էին 500-600 հոգի, որոնց մեջ կային զանազան երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսանողները ցուցապաստառներ էին կրում` «Հարգե'ք հայկական համայնքի իրավունքները», «Վե'րջ տվեք ազգային խտրականությանը», «Ջավախքն իմ հայրենիքն է» կարգախոսներով: Ցույցի մասնակիցները ընդգծել են, որ չեն ցանկանում հայ-վրացական հարաբերությունների լարման աճ, բայց միեւնույն ժամանակ Թբիլիսիից պահանջում են հարգել սեփական երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքները:

«Ուսանողությունը չի կարող Ջավախքում կրթություն ստանալ վրացերենին չտիրապետելու պատճառով, բայց դրանում հայերի մեղքը չկա: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, եւ մենք մի անգամ չէ, որ վրացական իշխանություններին առաջարկել ենք Ջավախքում բուհ բացել հայ ուսանողների համար, բայց մեր պահանջը պատասխան չի ստացել»,- հայտնել է Շիրակ Թորոսյանը: Նա նշել է, որ Ջավախքի հայերի խնդիրն աստիճանաբար բարդանում է, վրացիները պակաս հանդուրժող են դառնում:



Միջոցառման կազմակերպիչները հատուկ հայտարարություն էին նախապատրաստել, որն անձամբ ներկայացրին Հայաստանում Վրաստանի դեսպանին, որը խոստացավ փոխանցել ակտիվիստների պահանջները վրացական իշխանություններին:-ապ-
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---