Թուրքիան և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ԼՂ գծով համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ

Թուրքիան և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ԼՂ գծով համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մշտադիտարկման համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ավարտվել են տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին, և համաձայնագիրը ստորագրվել է։ Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում համատեղ կենտրոնի շուտափույթ գործարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքական կողմը ստորագրված համաձայնագրի մանրամասները չի ներկայացրել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---