Ամերիաբանկը նոր կենսաթոշակային համակարգ է ներդնում

PanARMENIAN.Net - 2009թ. գարնանը «Ամերիաբանկը» պատրաստվում է նոր առաջարկով հանդես գալ Հայաստանի ներդրումային շուկայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիաբանկի մարքեթինգային ծառայությունում: Ինչպես հաղորդվում է մամլո տեսության մեջ, այս անգամ Բանկը հանրությանը ներկայանալու է ներկազմակերպական կենսաթոշակային ծրագրերով, որոնք նպատակ ունեն ապահովելու ֆինանսապես անկախ եւ անհոգ ծերություն:



Ոչ պետական կենսաթոշակային համակարգի այս ներդրումը կարեւորվում է նաեւ այն համգամանքով, որ այն լուծում է ոչ միայն սոցիալական խնդիր, այլեւ ապահովում է Հայաստանի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող երկարաժամկետ ներդրումներ: Ծրագրերը հնարավորություն կտան ներդրողին կատարել վճարումներ հատուկ հավատարմագրային կառավարման հաշվին, որոնք հիմնականում նախատեսված են վերադարձնել նրան կենսաթոշակային տարիքում` ըստ նախապես պայմանավորված ժամանակացույցի: Առաջարկվող ծրագրերը կարող են լինել անձնական եւ կորպորատիվ: Առաջին դեպքում քաղաքացին ինքն է կատարում վճարումներն իր ապագա կենսաթոշակի համար, իսկ երկրորդ դեպքում մասնակցում է նաեւ գործատուն:



Երկրորդ ծրագիրը նախատեսված է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են իրենց մոտ երկար տարիների աշխատանքային արդյունավետ գործունեություն ծավալած աշխատակիցներին չկորցնելու, նրանց բարձրորակ աշխատանքը խրախուսելու եւ աշխատակիցների համար բարեկեցիկ ապագա ապահովելու խնդիրներով: Քանի որ վճարումները նախատեսվում են աշխատակցին հասցնել կենսաթոշակի անցնելուց հետո, գործատուի համար հնարավորություն է ստեղծվում աշխատակիցների հետ կառուցել կանխատեսելի երկարաժամկետ հարաբերություններ: Ծրագիրը կխթանի նաեւ նոր աշխատակիցների ներգրավմանը, ինչպես նաեւ կնպաստի տվյալ կազմակերպության` որպես աշխատակիցների հանդեպ առանձնահատուկ հոգածություն ցուցաբերող քաղաքակիրթ կազմակերպության վարկանիշի ձեւավորմանը:



Ներկազմակերպական կենսաթոշակային ծրագրերը հիմնված են փոխկապակցված հավատարմագրային կառավարման հաշիվների վրա: Կազմակերպությունը մշակում է կենսաթոշակային վճարումների ծրագիր աշխատակիցների անունով, համաձայն որի կազմակերպությունը եւ աշխատակիցները կատարում են վճարներ` ըստ նախապես համաձայնեցված ժամանակացույցի: Վճարվելիք գումարները կարող են կազմել աշխատավարձի 3-15%-ը` գործատուի եւ աշխատակիցների փոխհամաձայնությամբ: Պայմանագիրը կնքելուց աշխատակիցը եւ գործատուն հստակ ամրագրում են այն դրույթները, թե աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման հանգամանքը ինչպես կարող է անդրադառնալ գումարների վճարման վրա:



Գումարների կուտակման փուլում աշխատակիցների ներդրումային պորտֆելի վիճակի վերաբերյալ Բանկը եռամսյակային հաշվետվություններ է տրամադրում գործատուին` որպես հիմնադրի եւ աշխատակիցներին` որպես շահառուների: Առաջարկվող ծրագրերը բավականին ճկուն են եւ չեն պարտադրում, որ վճարումների սկիզբը համընկնի օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքին, կարող են նախատեսվել ինչպես ավելի վաղ, այնպես էլ ավելի ուշ ժամկետներ` ըստ ներդրողի ցանկության, բացի այդ, այս ծրագրերը չեն փոխարինում սոցիալական թոշակը, այլ ապահովում են հավելյալ եկամուտ:



Աշխատակիցներին նաեւ հնարավորություն է ընձեռվում իրենց հայեցողությամբ վաղաժամկետ ստանալ իրենց իսկ կողմից կուտակած գումարը` միանվագ կամ ամենամսյա վճարումների տեսքով` ամբողջությամբ կամ մասնակի` նախապես համաձայնեցնելով գործատուի եւ Բանկի հետ: Ծրագիրը հնարավորություն է տալիս հստակ սահմանել նաեւ այն դեպքերը, երբ գործատուն կարող է ժամանակից շուտ փոխհատուցել աշխատակցին` ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում (հիվանդություն, դժբախտ պատահար եւ այլն):



Ներկայացված ծրագրերի շրջանակներում հավաքագրված կենսաթոշակային գումարների կառավարման համար «Ամերիաբանկը» մշակել է հատուկ ռազմավարական ծրագիր «Տրոյկա Դիալոգ» ռուսական խոշորագույն ներդրումային ընկերության հետ համատեղ, որը հսկայական փորձ ունի կենսաթոշակային ակտիվների կառավարման գործում: Ըստ մշակված ռազմավարության` այդ գումարները սկզբնական տարիներին կտեղաբաշխվեն Հայաստանի կապիտալի շուկայում առավել վստահելի ներդրումային գործիք հանդիսացող պետական արժեթղթերում, իսկ հետագայում` արդեն բավականաչափ գումարի առկայության պարագայում, Բանկը կարող է պորտֆելի մի մասը տեղաբաշխել նաեւ նախընտրելի միջազգային արժեթղթերում:



«Ամերիաբանկ» ՓԲԸ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորոտիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» ընկերակցական խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---