Սաղաթելյան. Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը

Սաղաթելյան. Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ բախումը բացառված է՝ հակամարտող կողմեր պարզապես չկան, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չունի հանրային աջակցություն»։

Սաղաթելյանը նշել է նաև, որ Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։

«Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձում հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։ Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն։

Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։

Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումը բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ Սաղաթելյանի` կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ամբողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։

«Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ երկրում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ:Նշվում է, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել կազմակերպված հավաքներին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---