Կեղծ օրակարգ է՝ ՀՀ տնտեսությունը չի շահելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումից

Կեղծ օրակարգ է՝ ՀՀ տնտեսությունը չի շահելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումից

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության համար շահի տեսանկյունից հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը, տարածաշրջանային ճանապարհային հանգույցների ապաշրջափակումը, Մեղրիի երկաթգծի գործարկումը կեղծ օրակարգ է՝ ուղղված Հայաստանի դիմադրողականության թուլացմանը։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց քաղաքագետ-տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ դեռ 2005-2010 թվականներին բազմաթիվ ընկերություններ ուսումնասիրություններ են արել, որոնք ցույց են տվել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը տնտեսական օգուտ չեն բերելու։

«Այդ հաշվարկներն արվել են դեռ արձանագրությունների քննարկման ժամանակ և հիմա էլ ադեկվատ են, որովհետև Հայաստանը Վրաստանով և Իրանով արդեն ամբողջությամբ համալրել է բլոկադայի առաջացրած բացը։ Բացի այդ, 2018-2019-ին Berlin Economics Group-ն ուսումնասիրել է Ղարաբաղյան հակամարտության լուծման դեպքում տնտեսական հետևանքները և կրկին եկել նույն եզրակացության, որ Հայաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի բացումը շատ նվազ, համեստ տնտեսական օգուտ է բերելու, այն էլ լիարժեք հաշտեցման դեպքում, ոչ թե հիմա ունեցած վիճակի»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ միակողմանի բացում է լինելու Մեղրիի միջանցքով։ Արդեն ադրբեջանալեզու ցուցանակներ կան Մեղրիով ճանապարհի վերաբերյալ։

Լուսանկարը՝ Վարուժ Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Միքայելյանը ակնհայտ տեսնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահը, բայց ոչ՝ Հայաստանինը։

«Հայաստանն ընդհանրապես օգուտ չի ստանում, սա պետք է ճիշտ հասկանանք, ավելին Հայաստանում մենք ուղղակի զավթած շուկա կստանանք, ինչպես օրինակ եղավ Վրաստանի Աջարիայում, այսինքն՝ մեր արտադրողները շուկայում դիրքերը կկորցնեն»,- նշեց նա։

Բացի տնտեսական շահի բացակայությունից կան նաև քաղաքական վտանգներ։

«Ռիսկը հիմնականում հետևյալն է․ ուրեմն ստացվում է, որ Հայաստանի հետ ուժի լեզվով կարելի է խոսել, ստացվում է, որ Հայաստանին ռազմական ճանապարհով պետք է ջախջախել, իսկ Հայաստանը, անտեսելով ամեն ինչ, գնալու է Ադրբեջանի և Թուրքիայի թելադրած պայմաններով։ Սա հիմնական ռիսկն է, որը քաղաքականության մեջ է, ոչ թե տնտեսության»,- հայտնեց Միքայելյանը։

Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով՝ առանձին տնտեսվարողների կարող են շահել ինչ-որ կերպ, սակայն իր համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ միայն տուժելու է։

Բացի այդ, նա իրատեսական չի համարում նաև սահամնների բացումը։

«էլի չեմ տեսնում դա, որովհետև եթե մենք խոսում ենք սահմաններ բացելուց, մենք խոսում ենք նաև ժողովուրդների շփման մասին, բայց այն կողմից տեսնում ենք միայն այն ժողովրդին, ում տասնամյակներով տրամադրել են հայերի դեմ։ Իսկ նրանց ահավոր հանցագործությունները ոչ միայն չի դատապարտվում Հայաստանի իշխանության կողմից, այլև Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանության»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ մարդկանց հետ հայերը չեն կարողանա տնտեսական կամ ցանկացած այլ հարաբերություն ունենալ․ սա կեղծ օրակարգ է ամբողջությամբ։

Մինչ ՀՀ պաշտոնյաները խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ տնտեսական և տրանսպորտային կապերի հաստատմամբ բացվող հնարավորությունների մասին, դեկտեմբերի 10-ին Բաքվում ԼՂ պատերազմում հաղթանակի առթիվ զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Զանգեզուրը (Սյունիք, Վայոց Ձոր), Իրևանը (Երևանը) և Գյոյչան (Սևանը) ադրբեջանական հողեր են, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ Հայաստանի դեմ Բաքվի պայքարը չի ավարտվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---