«Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը». Ընդդիմության ցույցը՝ Հրապարակում

«Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը». Ընդդիմության ցույցը՝ Հրապարակում

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր կուսակցությունների հերթական հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցում է Para Tv-ն։

«Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը» խորագրով բողոքի ակցիայի ընթացում ելույթ ունեցողները հորդորել են ընտանիքներով ու ընկերներով գալ հանրահավաքի։ Ընդդիմադիրները չեն տալիս վարչապետի անունը՝ վանկարկելով «Առանց դրա Հայաստան»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իշխանությունը Սյունիքում տվել է ռազմավարական բոլոր բարձունքները, իսկ «մարզը թուրքական շրջափակման մեջ է»։

ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ իրենց են միացել դեկտեմբերի 21-ից գործադուլ իրականացնող 700 փաստաբան, փակ է Վանաձոր-Երևան մայրուղին, Վանաձորում գործադուլ են անում բենզալցակայանները։

Դեկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանը խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---