Հայրենիքի փրկության շարժումը՝ Փաշինյանի նախաձեռնության մասին․ Դա քաղաքական կեղծ օրակարգ է

Հայրենիքի փրկության շարժումը՝ Փաշինյանի նախաձեռնության մասին․ Դա քաղաքական կեղծ օրակարգ է

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու նախաձեռնությանը, հայտարարել է, որ դա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ։

«Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով:

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով:

Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկության շարժման առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բարոյական և քաղաքական լեգիտիմություն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, «որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը, կապիտուլյացիոն համաձայնագրով դավաճանել է ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանությունը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի»:

«Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու> հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Իսկ Առաջին ալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու 2 ճանապարհ կա։ Մեկը՝ երբ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, և արձակվում է, մյուսը, երբ փոփոխություններ են արվում Սահմանադրության մեջ և ԱԺ-ի ինքնալուծարման մեխանիզմ է նախատեսվում։

Ավելի վաղ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---