Փաշինյանը՝ Սյունիքի անվտանգության, արտահերթ ընտրությունների ու ներքաղաքական իրադրության մասին

Փաշինյանը՝ Սյունիքի անվտանգության, արտահերթ ընտրությունների ու ներքաղաքական իրադրության մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջին ալիքին» հարցազրույցում խոսել է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Սյունիքի մարզի անվտանգության ապահովման, պատերազմում պարտության պատճառների ուսումնասիրման մասին ու արձագանքել ներքաղաքական հարցերին։

PanARMENIAN.Net ն առանձնացրել է վարչապետի ուշագրավ մտքերից մի քանիսը։

- Այն ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը, ինչու՞ չեն պահանջում արտահերթ ընտրությունուններ։ Որովհետև, ի վերջո, իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։ Ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրադարանական արտահերթ ընտրություններն են, քանի որ ակնհայտ է, որ այն ի ցույց չի դրվում հրապարակում։

- Ըստ օրենքի՝ արտահերթ ընտրություն կարելի է անցկացնել, եթե վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ: Կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելով:

- Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը (Արցախում,-խմբ․): Մի զինծառայող, տալով կոնկրետ անձի անուն, ասել է, որ նա իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես գնահատական չեմ տալիս: Ես ասել եմ, որ երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից, նույնքան կարևոր եմ համարում և պարտավորված եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա:

- Ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել: Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից` ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ: Ո՞ր սահմանը նկատի ունեն: Եվ, ի վերջո, ամենակարևոր փաստերից և փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են: Ես նախկինում էլ դրա մասին ասել եմ՝ մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից` մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար: Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքով: Եվ եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ դեռ 2010 թվականին ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ։ Եվ տրվում է սահմանի կոնկրետ նկարագրություն: Դա 2010 թվականին:

- Եվ հիմա, օրինակ, ասվում է, որ մեր քաղաքացիները տեսնում են ադրբեջանցիների: Այո, շատ վատ է, որ այդպես է: Բայց, մյուս կողմից, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, օրինակ, մեր քաղաքացիներն ամեն օր տեսնում են թուրքերի և թուրք սահմանապահների: Հասկանալի պատճառներով դա այդպիսի խուճապ չի առաջացնում: Հիմա մեր խնդիրը պետք է ձևակերպենք՝ մենք ի՞նչ ենք ուզում. մենք այս նոր իրավիճակում պե՞տք է արդյոք կայունացնենք իրավիճակը, թե՞ չկայունացնենք: Ես ասում եմ, որ նախ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այո, մեր կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները և լծակները՝ կայունությունն ապահովելու համար: Պարզ է, որ շատ բարդ շրջան է լինելու:

- Եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ` եթե պարզվի, երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ՝ եթե պարզվի Նախիջևանով և՜ Իրանի հետ, և՜ Ռուսաստանի հետ, դա մեզ համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ նորություն: Հիմա, եթե մենք, օրինակ, Նախիջևանով գնալու ենք Իրան՝ եթե ստացվի և մեր բեռները երկաթուղով տեղափոխվելու են Ռուսաստան, ինչպե՞ս ենք պատկերացնում, մենք պետք է ասենք՝ մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան։ Դա հնարավո՞ր է:

- Ես չեմ ասում՝ մեղավոր չեմ։ Ես ասում եմ՝ ես թիվ մեկ մեղավորը չեմ։

Բանակցային գործընթացը մենք ժառանգել ենք այն կետում, երբ որևէ կասկած չկար, որ 7 շրջանը պետք է անվերապահորեն վերադարձվեն, անվերապահորեն, և դա ընդունել է Հայաստանը՝ պաշտոնապես, հրապարակային: Եվ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բերվել-դրվել է մի կետում, երբ ասվում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող է ունենալ մի պարագայում՝ եթե դրան համաձայնվի Ադրբեջանը:

Փախստականների վերադարձի հարց, իհարկե, կա։ Բայց մենք էլ խնդիր ունենք Հադրութ վերադարձնելու մեր հայրենակիցներին: Եվ խնդիրը, որ հետևյալն է, միայն մեկ բանի մասին է խոսքը. մենք պիտի՞ փորձեինք  դիմադրել  և դիմակայել, որպեսզի մեր շահերը  մի քիչ ավելի լավ պաշտպանվեին, պիտի՞ փորձեինք, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ այո, միանշանակ։

- Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում, ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը՝ այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ:

- Այսօր այն գործողությունների արդյունքում, որ տեղի են ունեցել, կանխվել է պատերազմը Սյունիքում։ Ընդ որում, կանխվել է ոչ միայն այսօր, այլև` ընդհանրապես։ Որովհետև հիմա մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն Հայաստանը կմիջամտի, այլ կմիջամտի նաև Ռուսաստանը: Եվ սա արվել է դրա համար։ Ընդամենը: Սա չի նշանակում, որ, օրինակ, չի կարող լինել բանավեճ մեկ կամ երկու կամ 12 տան վերաբերյալ: Այսօր, օրինակ, կա այդպիսի բանավեճ՝ մոտ 20 հողամասի վերաբերյալ, և այդ բանավեճը տեղի է ունենում: Ճանապարհների հետ կապված կա բանավեճ։ Բայց մենք ուրիշ բան ենք արել, ասել ենք՝ եկեք այսպես անենք, եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը կաշխատի, հետո հընթացս կհասկանանք՝ այս բանավեճն ինչպե՞ս ենք լուծում: Ամենատարբեր տարբերակներ կան այդ բանավեճի։ Բայց որ Հայաստանի Հանրապետության տարածքը եղել է և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, և այս գործողություններն արվել են դրա համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---